ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ
26.09.2025 | 11:12

Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր քայլերով և հայտարարություններով հետևողականորեն արդարացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի և ՀՀ֊ի նկատմամբ։

Սա ասում է մեկը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դրանով փորձելով լեգիտիմացնել Ադրրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, էթնիկ զտումը, ցեղասպանությունը։

(Չէ՞ որ Պրահայի հայտարարությունից հետո, ըստ Ալիևի, դա արդեն իր տարածքն էր, ինչ ուզեր կաներ)։

Սա ասում է մեկը, ով միջազգային դատարաններից հետ է կանչում Ադրբեջանի դեմ դատական հայցերը։

Սա ասում է մեկը, ով հայտարարում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, դրանով արդարացնելով Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող նոր տարածքային պահանջները, Արդբեջանի զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում, նաև հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա:

Սա ասում է մեկը, ով Ալիևի պահանջով Հայաստանում Սահմանադրություն է փոխում` ընդունելով, որ մենք տարածքային պահանջներ ունենք հարևան երկրներից:

Իսկ այսօրվա ցուցմունքով Փաշինյանը նոր բարձունք նվաճեց անգամ իր համար` հայտարարելով, որ մեր զինվորներն Արցախում եղել են օկուպանտներ (նման ձևակերպում միայն Ալիևն է արել): Իսկ սա նշանակում է, որ Արցախի և Հայաստանի համար կռված տղերքն այլևս անջատողականներ են և առաջիկայում կարող են հալածվել Նիկոլի կողմից՝ Ալիևի պահանջով։

Լավ կլինի այլևս ցուցմունքներից չխոսես, քեզ հեռացնելուց հետո էլ մենք դեռ երկար ժամանակ քո արած հայտարարությունների և տված ցուցմունքերի տակից պետք է դուրս գանք:

Ատելությունն այնքան է կուրացրել այս մարդուն, որ չի էլ նկատում, ինչպես է իր ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմունք գրում իր իսկ դեմ: Միայն նա կարող էր նախորդ ղեկավարներին մեղադրել Արցախ զինվորներ ուղարկելու մեջ` անտեսելով հատուկ փիառ արշավով իր ընտանիքի անդամներին Արցախի իբր առաջնագիծն ուղարկելն ու այտեղ նրանց գործած իբր հերոսությունները թմբկահարելը:

Մի խոսքով, ունենք իրավիճակ, երբ իշխանամոլությամբ տարված, սկսել է ցուցմունք տալ ոչ միայն սեփական ժովորդի, այլև սեփական ընտանիքի անդամների ու իր դեմ:

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հ.Գ.

Ի միջի այլոց, չզարմանաք, երբ Փաշինյանի տված ցուցմունքների հիման վրա առաջիկայում Ադրբեջանը միլիոնավոր դոլարների ռեպարացիաներ սկսի պահանջել Հայաստանից:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ