Լավ կյանքի փնտրտուքը ցանկացած մարդու, մարդկային խմբի և հասարակության ջանքերի հիմնական ուղղությունն է, որի հաջողությունն էլ կախված է նրանից, թե ինչ կոնկրետ հատկություններ ունեն հասարակության տարբեր շերտերը, և ինչ չափի է նրա քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական հզորությունը:
Եվ այս ամենի հիմքում ընկած ու կարևոր որոշիչ գործոնը մարդկանց և հասարակության մտածելակերպն է, որը ուղիղ գծով կախված է աշխարհաքաղաքական այնպիսի պարամետրերից, ինպիսիք են երկրի տարածքը, մարդկանց թիվը, նրանց քաղաքակրթական մակարդակը և այլն:
Բայց այստեղ կա նաև հակառակ կապը՝ ինչպես մարդկանց մտածելակերպն է հիմք ստեղծում հասարակության հզորանալու համար, այնպես էլ հզորության նոր, ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակն է որոշում մենթալիտետի դինամիկան՝ կամ դեպի վեր ու ուժեղացում, կամ էլ դեպի ներքև և անկում:
Պետք է հասկանալ, որ մենթալիտետի հարցում ամենաէական գործոնները երկրի մեծությունն ու նրանում մարդկանց թիվն են, և այդ կապը պարզ ու թափանցիկ է:
Այստեղ հարցի մեխը այն է, թե բոլոր հասարակությունների հիմնական խնդիրը, այն է՝ ապրելու համար պայմանների ստեղծումը, ինչ մասշտաբի պրոբլեմներ ու խնդիրներ է դնում հասարակության առաջ:
Եթե երկիրը մեծ է, ունի ստվար բնակչություն և համապատասխան հզորություն, որը նրան մրցունակ է դարձնում գլոբալ գոյության պայքարում, ապա նա գործ ունի մասշտաբային պրոբլեմների ու խնդիրների հետ, որոնց լուծումները, առաջ քաշելով ունակ ու հզոր մարդկանց, հզորացնում են նաև մարդկանց մենթալիտետը:
Հզորացող մենթալիտետն էլ, բացի գոյության հետ կապված առաջնահերթ կենսաբանական խնդիրներից, սկսում է տեսնել նաև կյանքի լավացման նոր հեռանկարներ՝ սոցիալական կյանքի ռացիոնալ կազմակերպման, ինչպես նաև գիտության, գրականության, արվեստի և այլ տեսքերով:
Իսկ եթե երկիրը փոքր է և ունի փոքրաթիվ բնակչություն, ապա թույլ լինելով, նա չի կարող իր առաջ դնել մասշտաբային խնդիրներ, որի արդյունքն էլ լինում է այն, որ նրա մարդկանց մենթալիտետը մնում է մանր ու կենցաղայինին մոտ մակարդակի վրա:
Այս իմաստով, տարբեր երկրների մարդկանց մենթալիտետի ծանրության կենտրոնը գտնվում է ստամոքսակենտրոնի ու մտքակենտրոնի արանքում ինչ-որ տեղ, այսինքն, փոքրերին ու թույլերին բաժին է հասնում խուրդա ու մանր-մունր կյանք, իսկ իսկական հզորներին՝ լիարժեք ու հզոր կյանք:
Գրվածն արտացոլում է խնդրո առարկա հարցի ընդհանուր դեպքը, բայց լինում են նաև հարաբերական իմաստով հզոր փոքրեր և թույլ մեծեր, որոնց վարքային անոմալիան այլ գրառման նյութ է:
Պավել Բարսեղյան