Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար այսչափ չեն հալածվել

Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար այսչափ չեն հալածվել
08.04.2026 | 15:57

Նիկոլ Փաշինյանը 2024թ-ի հունվար ամսին հարցազրույց է տվել բրիտանական լրագրողին, որտեղ ինչպես միշտ իրեն հատուկ մտքեր է արտաբերել՝ անելով նոր «բացահայտումներ»։ Մասնավորապես՝ նա ասում է «․․․Ես ձեզ մի այսպիսի գաղտնիք բացահայտեմ, 2018թ-ից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն։ Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումները»։

Չեմ կարծում, որ Նիկոլի ասածին Հայաստանում լուրջ վերաբերվողներ կան, ավելին՝ ըստ նրա տպավորություն է ձևավորվում, որ ժամանակին իր նախորդներն անձամբ էին ցուցում տվել ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին քրեական գործեր սարքել ընդդիմադիրների վրա և ազատազրկել նրանց։

Իրականում ձևավորվել էր մի համակարգ, որտեղ իշխանական վերնախավի ցանկություններն ու ազդակ-հրահանգները պատրաստ էին կյանքի կոչելու, ինչն իներցիայով շարունակվում էր մինչև վերջերս, 2025թ-ի զարգացումները ցույց տվեցին, որ Նիկոլը, սկսեց առանց թաքցնելու, բացահայտ, ուղիղ եթերներով կամ ֆեյսբուքյան գրառումներով, ուղղակի հանձնարարականներ տալ «իրավապահ» համակարգի պատասխանատուներին և վնգստացող դատավորներին։

Այդ ի՞նչ իրավական ինստիտուտներ են, որոնք վարչապետի «ընտանիքի» մասնակցությամբ, շինծու մեղադրանքով զոհվածի մորն ազատազրկում ու նսեմացնում են կամ մանկահասակ երեխաներ ունեցող մայրերին ազատազրկում, այնուհետև հոտային բնույթով իշխող «քաղաքական» ուժի 64 պատգամավորների ստորագրությամբ միջնորդում ու փոփոխում են խափանման միջոցը։

Ոչ մի իշխանության ժամանակ ազատ խոսքի համար ընդդիմախոսներն այսչափ չեն հալածվել, ինչն արվում է վերջին ամիսներին, մասնավորապես՝ Միքայել Աջապահյանի, Սամվել Կարապետյանի, հոգևորականների, ընդդիմադիրների և լրատվամիջոցների հանդեպ։

Իրականում, Հայաստանում ձևավորվում է մեկ «ընտանիքի» կողմից վերահսկվող կառավարման համակարգ՝ նպատակ ունենալով «լիցենզավորել» ամբողջ պետական կառավարման համակարգի կոռուպցիոն սխեմաները, տվյալ դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարության և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ քրեական գործերն այդ օրակարգն էր հետապնդում, միաժամանակ օգտագործում են քարոզչական նպատակով։ Ինչ վերաբերվում է Նիկոլի և Աննայի «բաժանմանը», այն Նիկոլի գահավիժվող վարկանիշը վերականգնելու, ամեն գնով իշխանությունը պահելու, ապագայում այն Աննային փոխանցելու ծրագրի առաջին քայլն է։

Հայաստանում հաստատված համակարգերի մասին լավագույնս ձևակերպել է լրագրող Նիկոլ Փաշինյանն «Առավոտ» օրաթերթում 08․03․2002թ տված հարցազրույցում, մասնավորապես ասելով՝ «․․․ՀՀ պետական կառավարման համակարգում շատ մեծ է դեգեներատորների թիմը, նման մարդկանց շնորհիվ է, որ այսօր մեր պետական համակարգը գտնվում է այս վիճակում»։

«Այսօր կառավարությանը, խորհրդարանին նայելիս առաջին միտքն այն է, թե Աստված իմ, հնարավո՞ր է այսքան դեգեներատոր մի տեղ հավաքել։ Պարզվում է՝ հնարավոր է ու ողբերգությունն այն է, որ այդքան դեգեներատոր հավաքվել ու մեզ ղեկավարում են»։

Նիկոլի՝ ժամանակին տրված գնահատականները շատ ավելի բնորոշ է այսօրվա Հայաստանի համար, միայն մեկ հավելում, քանի որ Նիկոլն ազնիվ ու արդար մարդկանց մերժում է /տես 20․09․2008թ․ «Հայկական Ժամանակ» օրաթերթում/, դեգեներատորներին համալրեց թերուս, ապազգային սրիկաների հոծ բանակով։

Այդ նույն հարցազրույցում Նիկոլը հայտարարում է, որ դատախազության 99 տոկոսը հանցագործներ են։ Գլխավոր դատախազը հանցագործ է, իսկ այսօրվա դատախազությունը տարբերվու՞մ է Նիկոլի կողմից ժամանակին տրված գնահատականից, իհարկե ո՛չ։

Վերջերս սկսել եմ աշխատել արխիվային փաստաթղթերի հետ, որտեղ ժամանակին տրված իրավիճակներն ու քաղաքական գնահատականները հաճախ համեմատելով այսօրվա հետ, տեսնում ենք շատ ավելի վատ վիճակ բոլոր առումներով, նորից անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2008թ․ սեպտեմբերի 20-ի հոդվածին՝ «Ինչպիսի՞ իշխանություն եմ ուզում», որտեղ հիմնական ասելիքն այն էր, որ նա դիմում է հանրությանը՝ «․․․երբևէ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան», քանի որ ժամանակին ժողովուրդը մերժեց Սերժին, իսկ Նիկոլը հուսախաբ արեց ժողովրդին և 8 տարվա ընթացքում բացասական առումով գերազանցեց Սերժին, ուրեմն ինքը ևս մերժված է և հունիսի 7-ն ամենահարմար պահն է այն արձանագրելու։

Հ ․ Գ․ Այդ ի՞նչ իրավական ինստիտուտների որոշումով է, որ վարչապետի «ընտանիքին» պատկանող բիզնեսի ակնհայտ կոռուպցիոն դրսևորումները, փողերի լվացումն ու ապօրինությունները ցինիկաբար քողարկվում է՝ վարչապետը, Աննա Հակոբյանը, նրա մայրը, որոնք անմիջական առնչվում են գործի հետ, չեն հարցաքննվում ու չեն առերեսվում, 16 ամիս քրեական գործը քնեցնում, այնուհետև գլխավոր դատախազի հովանավորչությամբ կարճվում է և իմ շարունակական հրապարակումները որևէ հետևանք չունեն, վերջին անգամ 2025թ-ի հունվարի 21-ին եմ ներկայացրել վարչապետի «ընտանիքի» մասնակցությամբ փողերի լվացման փաստերը։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

Քաղաքական գործիչ

«Նախիջևան վերլուծական կենտրոն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ