AP գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավորությունը՝ փորձելով հասնել իրանական հակամարտության դադարեցմանը միտված համաձայնության։ Որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը, հնարավոր տարբերակ է դիտարկվում նաև Ժնևը։               
 

«Արժեքային ինվերսիա», կամ երբ արժանին ու իսկականը դուրս են մղվում քաղաքականությունից

«Արժեքային ինվերսիա», կամ երբ արժանին ու իսկականը դուրս են մղվում քաղաքականությունից
14.04.2026 | 15:46

Արժեքների աշխարհը չի փլուզվում հանկարծակի և միանգամից։ Այն քայքայվում է աստիճանաբար՝ իմաստների տեղաշարժի, չափանիշների փոխարինման և առաջնահերթությունների անտեսանելի վերադասավորման միջոցով։ Այս գործընթացը քաղաքականության մեջ ստանում է առավել տեսանելի ձև՝ վերածվելով արժեքային ինվերսիայի (value inversion), որտեղ Արժանիքն իր տեղը զիջում է Իմիտացիային։

-Մասնագիտականությունը,

-խորքային գիտելիքը,

-փորձը և կենսափորձը

չեն կարող քայլել

-փառամոլության,

-եսակենտրոնության և

-սնոտիապաշտության հետ։

Սրանք տրամագծորեն տարբեր տրամաբանություններ են՝ հակընդդեմ աշխարհներ․ առաջինները կառուցվում են պատասխանատվության վրա, երկրորդները՝ հանրահռչակման։ Մեկը ենթադրում է բովանդակություն, մյուսը՝ ներկայացում։ Եվ քաղաքականությունը հենց այն դաշտն է, որտեղ այս հակադրությունները դառնում են ճակատագրական։

Երբ քաղաքական լեգիտիմությունը դադարում է բխել կարողությունից, ունակությունից, տաղանդից և սկսում է բխել իմիջից, տեսքից, փաթեթավորումից, տեղի է ունենում շրջադարձ։

Այստեղ է, որ դուրսպրծուկը առաջ է անցնում մասնագետից՝ ոչ թե իր գիտելիքով, այլ իր ներկայացվածությամբ։

Այստեղ է, որ պլեբեյը հաղթում է ազնվականին՝ ոչ թե արժեքով, այլ պատրանքային ընկալմամբ։

Եվ այստեղ է, որ «նորին ամենակարողություն PR»-ը դադարում է լինել գործիք և դառնում է իշխանություն, իսկ քաղաքականությունը սկսում է գործել ոչ թե որպես պատասխանատվության համակարգ, այլ որպես ընկալումների կառավարման դաշտ։

Քաղաքական դիսկուրսը հեռանում է որոշումների բովանդակությունից և կենտրոնանում դերակատարների կերպարի վրա, քաղաքական արժեքը չափվում է ոչ թե արդյունքով, այլ՝ տեսանելիությամբ։

Այստեղ է, որ PR-ը դառնում է ոչ թե հաղորդակցության միջոց, այլ՝ ընտրության չափանիշ։ Այն որոշում է, թե ով է ընկալվում որպես լիդեր՝ անկախ իր ձիրքից և բովանդակությունից։ Իսկ իրական առաջնորդը, որպես պատասխանատվության, գաղափարի և տեսլականի կրող, հաճախ դուրս է մղվում, որովհետև նրա լեզուն դանդաղ է, բարդ և ոչ միշտ՝ մեդիա շահավետ։

Այս իրավիճակը կարելի է բնութագրել որպես իդիոտակրատիա՝ մի համակարգ, որտեղ որոշումների արժեքը պայմանավորված է ոչ թե դրանց ճշմարտացիությամբ, այլ դրանց սպառման հեշտությամբ։ Որտեղ պարզունակը հաղթում է բարդին և գաղափարականին, մակերեսայինը՝ խորքայինին, հեռանկարը՝ կարճաժամկետին, արագը՝ բնականոնին, ձևը՝ բովանդակությանը:

Սակայն Արժեքային ինվերսիան հարատև չէ։ Այն չի կարող լինել կայուն, որովհետև հիմնված է փոխարինման և ոչ՝ ստեղծարարության վրա։ Իրական արժեքները կարող են ժամանակավորապես կորել տեսադաշտից, բայց չեն կորցնում իրենց էությունը, քանի որ համամարդկային են, բնական, ինչպես հողի խորքերում թաքնված ուժեղ սերմերը, որոնք մի օր անպայման ծիլեր են տալիս՝ ծառեր դառնում, ինչպես ոգին, որը երբեմն մոխրանում է, բայց օրհասական պահին նորից վեր է հառնում կրակներից:

Հետևաբար, խնդիրը միայն քաղաքական չոր համակարգերի մեջ չէ, այն ավելի ճանաչողական է, ավելի ոգեղեն, ավելի արժեքահենք։

Որքանո՞վ ենք մենք՝ որպես հանրություն, որպես քաղհասարակություն, որպես ընտրյալներ, պատրաստ տարբերակել արժեքը դրա իմիտացիայից, բովանդակությունը՝ ներկայացումից:

Քանի դեռ այդ տարբերակումը պահպանվում է, և դիխոտոմիաները չզուգահեռվելով՝ պայքարի և պատերազմների թատերաբեմում են, քաղաքականությունը դեռ ունի վերականգնման հնարավորություն։

Բայց այն պահից, երբ այդ սահմանը վերանում է, քաղաքականությունը դադարում է լինել արժեքների դաշտ և վերածվում է աղմուկի, իսկ աղմուկի մեջ լսելի է ոչ թե առավել ճշմարիտը, այլ՝ առավել բարձրաձայնը և առավել գռեհիկը։

Սա է պատճառը, որ ես տարիներ շարունակ հուշում եմ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին զերծ մնալ ստով և կեղծիքով, դատարկ PR աղմուկով պայքարելուց՝ հանուն մեր ազգային արժեքների և մեր պետության: Սա է պատճառը, որ մշտապես խորհուրդ եմ տալիս չսնել այն միջավայրը, որում սուտը, կեղծիքը, բամբասանքն ու երկակի ստանդարտները լողում են, ինչպես ձուկը՝ ջրում:

Կեղծ է այն պնդումը, թե հանրությունը դա է պահանջում: Հանրությունը դրանից միայն է՛լ ավելի խորքային դեգրադացիայի և դեմորալիզացիայի է ենթարկվում:

Մտածե՛ք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ