«Թավշյա կախաղանների հեղափոխության» առաջնորդը ափերից դուրս է եկել և խոստանում է ունեզրկել ընդդիմադիր մեծահարուստներին ու զետեղել նրանց վանդակներում այնպես, ասես նրանք մարդ չեն, իրավունքներ չունեն, և ամեն ինչ թելադրված է «հեղափոխական անհրաժեշտությամբ»։ Եթե այդպես լինի, ունեզրկելու վիրուսը համակելու է ողջ ազգին։
Դեռևս նախնադարից եկած, Հռոմեական իրավունքի արգասիք հանդիսացող «Մասնավոր սեփականության ինստիտուտը» այն անկյունաքարն է, որի վրա կառուցված է համաշխարհային ողջ քաղաքակրթությունը։ Լենինն ու Տրոցկին կնախանձեին փաշինյանական պաթոսին։
Բայց Փաշինյանը կանգ չի առնում սրա վրա։ Ներազգային քննարկումների նշաձողը իջեցնելով բարոյական բոլոր նորմերից էլ ավելի ցածր՝ թքաթարախ ճառեր է կարդում «պեռաշկի ուտողների» համար, նրանց բացատրելով, որ եթե մենք, օրինակ՝ ես, իրեն չեմ ընտրելու, ապա սեփական ժողովրդի թշնամին եմ։
Սա պարադոքս է մեր քաղաքակիրթ ու օրինապաշտ հասարակության համար, որը տարածաշրջանում և աշխարհում տարբերվել է իր խոհեմությամբ ու մարդասիրությամբ, գիտության ու հավատի հանդեպ իր սրտաթրթիռ մոտեցումներով։
Եկեղեցին չեզոքացված է և, ընտրություններում ՔՊ-ական հաղթանակի դեպքում, սպասում է գլխատման։ Համաշխարհային քրիստոնեական կամ հավատաբանական թատերաբեմում ոչ ոք չի պաշտպանում նրան և չի էլ պաշտպանելու։ Նույն Քրիստոնեական աշխարհի աչքերի առջև բազմահազարամյա մի ժողովրդի տեղահանեցին քրիստոնեական իր սուրբ բնօրրանից։ Նրանք թքած ունեն, որովհետև մեր՝ որպես հին քաղաքակրթական կենտրոնի, պարտությունը նրանց առանձնահատկությունն է ավելացնում ու հեղինակությունը։ Եթե մենք վերանանք, նրանք դա կօգտագործեն իրենց շահերին համապատասխան։ Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է՝ սա է մեր վիճակը։
Մյուս կողմից, ըստ իս, երկու կաթողիկոս ունեցող Եկեղեցին կարող էր ավելի ակտիվորեն հարցը հանրայնացնել Հայաստանից դուրս։ Ինչու՞ չեն անում՝ չեմ հասկանում։
Գիտական շրջանակներն էլ լուռ են։ Ակադեմիկոսներ ու լեզվաբաններ, պատմաբաններ ու հոգեբաններ՝ նրանց աչքերի առջև Հայաստանը, որպես հնագույն մշակութային ֆենոմեն, որպես քաղաքակրթական օջախ, գրավված-օկուպացված է ներսից ու քայքայվում է անասելի արագությամբ, և նրանք, ովքեր այդ ժողովրդի ու հասարակության լավագույն ներկայացուցիչներն են, իբրև թե նրա սերուցքը, կարճատեսաբար ուղղակի սպասում են ընտրությունների օրվան։ Ուսուցիչները, ովքեր պատասխանատու են սերունդների ճշմարիտ դաստիարակության համար, «թավշյա հեղափոխության» առաջամարտիկներն են։ Ամեն ինչ շրջված է ծուռ հայելիների մեջ։
Կարճատեսաբար են գործում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ ՆՓ-ն ամեն օր, անընդհատ տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ նա իշխանություն չի զիջելու և ընդհանրապես վերացնելու է պատվախնդիր Հայաստան տեսակը։
Քարտեզիկներ բաժանելով, նախրացած, սպանդանոցի պատրաստ հասարակության հետ ախոռախժռումներով, հայհոյանքով ու հիստերիկ առոգանությամբ՝ օրվա իշխանությունը հասարակության միջից վեր է հանում մեր ժողովրդին հատուկ, սակայն խորհրդային մամլիչով խորը թաքցրած մեր գարշելի հատկանիշները։ Պետականության վեցդարյա բացակայության և օտարներին մաս կազմելու պատճառականության պայմաններում մեր մեջ դաստիարակված հուզածառոտությունն ու վախկոտությունը դուրս են եկել առաջին պլան։ Առաջին պլանում են հայ պանդոկապաշտ քաղքենին ու տուն պահողը։ Անցյալում մեզ այնքան երկար են արգելել ձի նստել, որ թռչել երազողները այլևս ծաղրի առարկա են այսօրվա Հայաստանում, որովհետև ինքնուրույն երազելուն անընդունակ մասսաներն են արթնացել վեցդարյա քնից ու տանել չեն կարող ուղիղ քայլողներին։
Դեմոկրատիայի այս ձևը, որը օժտված է մեծամասնականության և ընչազուրկների դիկտատուրայի բոլոր ախտանիշներով, Մեր սուրբ ու չքնաղ Երկիրը տանում է անասնապետության վերջնական հաստատման ու Հայկական ֆակտորի իսպառ վերացման։ Նորից եմ ասում՝ մեր աչքերի առջև անպատիժ հայրենազրկեցին Արցախցուն։ Հաջորդը Հայաստանցին է լինելու, եթե չսթափվենք։
Ընտրությունների իմաստը պիտի լինի նրանում, որ մեծամասնությունը ընտրի ոչ թե իր հայելային արտացոլանքին, այլ՝ լավագույն հային կամ քաղաքացուն։
Ամբոխը Սասուցի Դավիթ չի ընտրում։ Նա ընտրում է իր նմանին՝ Ցռան Վերգոյին։ Ց/Վերգոների այսօրվա Հայաստանում ընտրությունները դառնում են նոր Սարդարապատ։ Պատահական չէ, որ երեկ Սարդարապատում բացակայում էր չորրորդ հորջորջվող հանրապետությունը։
Հայաստանյան Հասարակությունը կռիվ է տալիս երկու տեսակի բաժանված։ Բաժանողներն էլ այսօրվա իշխանություններն են։ Նրանք դա անվանում են Սև-Սպիտակ։ Ես դա անվանում եմ՝ Դավիթ-Վերգո։ Հիմա, եթե Դավիթը սև է, թող այդպես լինի։
Արևելյան բռնապետություններով շրջապատված, այնպիսի երկրներով, որտեղ իշխանությունները չեն փոխվում տասնամյակներով, հույս ունենալ, որ ընտրություններով կարող ես իրավիճակ կայունացնել՝ միամտություն է։
Ընտրություններով կարող ես, սակայն, արդեն այսօր քո շարքերը անընդհատ պիտի լինեն փողոցում, աշխատեն հասարակական լայն շերտերի հետ, կոորդինացված ու ծանրակշիռ ձևով դեպի իրենց բերեն ընտրազանգվածի նիրհած մասերին։ Ես պարտությունից չեմ վախենում։ Էլի գործելու ենք։ Բայց սա տեսակի պարտություն կլինի կամ անասնապետության վերջնական հաղթանակ ՀՀ ինքնության ու սուվերենության նկատմամբ։
Ընդդիմադիր շարժումը բազմագլուխ է։ Այսպես թե այնպես, նրանք իրենց գործը անում են։ Ես կարծում եմ՝ անում են բավարար։ Նիկոլը իր աշխատանքը գերազանց է կատարում։ Ձեր մեկ ամսվա կառուցածը նա մի զզվելի արտահայտությամբ ի չիք է դարձնում։ Որպեսզի նրա նկատմամբ հաղթանակ տարվի, նրա աչքերում պիտի վախ լինի, իր բանտային ապագայի նկատմամբ սթափ գիտակցություն և Ձեր միավորված ուժի ռեալություն։
Ես երկար կյանք եմ ապրել և չափից ավելին եմ տեսել այդ կյանքում։ Հավաստիացնում եմ Ձեզ։ Եթե Ընտրություն կատարենք Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, իհարկե՝ Ռուսաստան։ Բայց այսօրվա Ռուսատանը Ձեզ հիասթափեցնելու է այնպես, ինպես դրևորեց իրեն ամենահավատարիմ արցախցիների պարագայում։ Ռուսամետ կարելի է լինել, երբ դու ուժեղ ես, երբ Ռուսաստանը, քեզ կորցնելով, ավելին կկորցնի։ Ուստի, ճշմարիտ ընտրությունը մեկն է, միայն մեկը՝ Հայաստան և Հայամետություն։ Սրանից ելնելով՝ կարող ենք համագործակցել բոլորի հետ։
Պաշտպանվելով չես հաղթի։ Արցախի մասին խոսելիս՝ Արցախը պահանջել է պետք։ Առանց Արցախ, վստահեցնում եմ՝ չկա ուժեղ Հայաստան։ Հարկավոր է խոսել թշնամու հետ, վեր հանելով նրան հարվածող բոլոր փաստարկները՝ սումգայիթյան ջարդերից մինչև սաֆարով։ Չի կարելի համակերպվել թշնամու թելադրած կոորդինատներին։ Ատամները սրել է պետք ամենուր, ամեն օր, անընդհատ։
Ասելիք շատ կա, բայց ժամանակ չկա, և ամեն ինչ Ձեր՝ ընդդիմության ձեռքերում է։ Ես, որպես ընտրող, կոչ եմ անում՝ միավորվել ու պայքարը հանել փողոց։
Դավիթ Վանյան