Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ մեր շենքում (Դավիթաշեն, 2-րդ թաղամաս) քաղաքապետարանը, ի դեմս իր վարչական շրջանի ղեկավարության, շենքի սանդղահարթակների հատվածում պատերի, ընդհանուր օգտագործման միջանցքների կոսմետիկ վերանորոգում է անում:
Դե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա «նախընտրական ասֆալտի» կարգի մի բան է՝ կոսմետիկ ու ձևական: Բայց խնդիրներ ստեղծել են լրիվ իրական:
Քիչ էր, որ ծեփանները հղկելուց (շուշաթղթելուց») հետո մի ամբողջ շենք, վարից՝ վեր փոշու մեջ թաղեցին բառի բուն իմաստով: Պարզվեց, որ դա դեռ «ծաղիկներն» էին:
Հասկանալի է, որ այդ փոշու մի որոշակի մասը լցվեց մարդկանց տները, նաև՝ թոքերը:
Էս մի երկու օրն էլ սկսեցին բուն ներկարարական աշխատանքները: Ու արդեն մի օրից ավել է, ինչ ացետոնային կամ այլ լուծիչների («ռաստվարիծել») գոլորշիների «գազային գրոհի» տակ ենք:
Լրագրության մեջ այդպիսի հնարք կա՝ «լրագրողը փոխում է մասնագիտությունը»: Էս դեպքում, կարելի է ասել, մեր մաշկի ու թոքերի վրա զգացինք, թե ինչ ասել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի «գազախցիկ». էն որ մտցնում են փակ տարածք ու թունավոր գազեր են թողնում:
Հիմա այնպիսի տպավորություն է, որ Ավինյանն ու իր նշանակած վարչական շրջանի ղեկավարը որոշել են մի հատ փորձարկել. ի՞նչ կլինի բազմաբնակարան շենքի ժողովրդի, հատկապես՝ փոքրերի ու տարեցների հետ, եթե նրանք մի երկու օր ացետոն ու «ռաստվարիծել» շնչեն: Կամ էլ դա ՆԳՆ-ի հետ հմատեղ օպերացիա էր. ուզում էին պարզել՝ մեր շենքում տոքսիկամաններ կա՞ն, թե՞ չկան:
Թարսի պես էլ մեր շենքի կոնստրուկցիան այնպիսին է, որ բնակարանների միջև եղած տարածքում օդի շրջանառումը սահմանափակ է: Ու այդ ամբողջ թունավոր «բուրմունքը», օդանցքերով թափանցում է բնակարաններ:
Ավինյանին մեկնումեկդ փոխանցեք, որ իր փորձարկումը կիսաձախողվեց, որովհետև, որքան էլ տարօրինակ է, գիշերը լուսացրեցինք, դեռ չենք կոտորվել:
Չնայած, ինչ իմանաս, թե մի ամբողջ օր ու դեռ պարզ չի՝ էլի ինչքան ժամանակ ացետոն «շնչելը» հետո ինչքան ծանր է նստելու շենքի բնակչության, հատկապես երեխաների ու տարեցների առողջության վրա: Իսկ որ «նստելու» է, կարող եք չկասկածել:
Հետևաբար՝ գրողի ծոցը ձեր «ռեմոնտն» էլ, ձեր մշտապես անոռուգլուխ իշխանությունն էլ: Թե չէ՝ 35 տարվա շենքում միջանցքի պատ ներկելով է, էլի հարց լուծվում: Ոնց որ մարդուն շնչահեղձ անես, գցես հիվանդանոց, հետո ասես՝ զատո հիվանդասենյակի պատերը կոկիկ են...
Մյուս կողմից, էսպես ասում եմ ու մտածում. «այ մարդ, հիմա էլ չռնե՞ն ու միանգամից զարին կամ ֆոսգեն բաց թողնեն մեր շենքում»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. արա, էս վերջինը սարկազմ էր, գործողության ուղեցուցույց չէր: