Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հիմա մեր հին սառնարանը չկա, բայց սերը մնացել է

Հիմա մեր հին սառնարանը չկա, բայց սերը մնացել է
08.11.2024 | 15:44

Մեզ Գիտական կոմունիզմ առարկայից սովորացրել են, որ Լենինը հինգ տարեկանում կարդալ ա սովորել։ Ու մեզ՝ քսաներկու տարեկան հասուն ուսանողներիս, անընդհատ երեսով էին տաիս, թե՝ տե՛ս, Լենինը հինգ տարեկանում գիրք էր կարդում, իսկ դու չորս անգամ անցել ես սեռական հասունացման շրջանը, արդեն հասցրել ես դախանալ, բայց մինչև հիմա դեռ չես կարդացել Վլադիմիր Իլիչի «Իմպերիալիզմը և չգիտեմինչ զարմարը» կոթողային աշխատությունը։

Հա՛, չեմ կարդացել, Մարքս էլ չեմ կարդացել, հատկապես՝ Էնգելս, բայց թող Վլադիմիր Իլիչը շատ մեջը չուռի։ Ինքը հինգ տարեկանում կարդալ ա սովորել, իսկ ես չորս տարեկանում գրել եմ, էն էլ՝ առանց սովորելու, էն էլ՝ ռուսերեն, որ ոչ մի բառ չգիտեի։

Մենք սառնարան ունեինք, որի վրա ռուսերեն արծաթե խոշոր տառերով գրված էր ОРСК։ Մի օր թուղթը դրեցի էդ ուռուցիկ տառերի վրա ու մատիտով նկարեցի։

Մաման հիացած էր՝ վա՜յ, տղես բան ա գրել, ու երկար ժամանակ ցույց չէր տալիս, որ գիտի, թե ոնց եմ արել։ Իսկ ես էդ մի բառով անցա մեր ընտանիքի գրագետների շարքերը։ Դրանից հետո մեր բոլոր գրքերը դարակից հանում ու ժամերով թերթում էի։ Ամենաշատը սիրում էի Անդերսենի հեքիաթներն ու Պինոկիոն, որ վառ, սիրուն նկարներով էին։

Իհարկե՝ ես պրոլետարական հեղափոխություն չարեցի, բայց Լենինն արդեն արել էր, հո չէի կրկնելու։ Բա ես մեղք չէի՞, տեղում սամասուդ կանեին, դամբարան էլ չէի հասնի։

Իսկ մեր սառնարանի բռնակը շատ նման էր մեր բակի Ժորայի էն պուճուր կլորիկ Զապոռոժեցի դռան բռնակին։ Երկուսն էլ քաշում էիր, բացվում էին։ Ու մեր սառնարանն էլ էր կլորիկ, պուճուրիկ ու Ժորայի Զապոռոժեցի նման սպիտակ ու փայլուն։ Մենակ՝ սառնարանի մեջ նստել չեր լինում, դրա համար էլ ես մի ձեռքով հենվում էի սառնարանին ու երևակայում, թե հենց նոր եմ Զապոռոժեցիս միջից դուրս եկել ու արևի տակ կանգնած հանգստանում եմ։

Երևի հենց էդ տարիներին ա իմ մեջ ձևավորվել սերը սառնարանի նկատմամբ։ Հիմա մեր հին սառնարանը չկա, բայց սերը մնացել ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9405

Մեկնաբանություններ