«Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքը տպավորիչ էր և հուսադրող։ Տպավորիչ էր ոչ այնքան բազմամարդությունը, որքան անշեղ վճռականությունը, որը չափազանց կարևոր է քաղաքական պայքարը հանգրվանին հասցնելու և երկիրը փորձանքից ազատելու հարցում։
2018-ից ի վեր որևէ ուժ այդքան հարված չի ստացել, որքան երկրորդ նախագահն ու նրա գլխավորած ուժը։ Սա վերաբերում է թե՛ նախքան 2021-ի ընտրությանը, թե՛ առավել ևս` ընտրությունից հետոյին։ Միշտ եղել է երկիրը փորձանքից իրապես ազատագրելու առաջնագծում, բայց միշտ ստացել է ամենից ծանր հարվածները, ընդ որում, ամենատարբեր` դիմադիր և «ընդդիմադիր» խմբակների կողմից։ «Հայաստան» դաշինքը, չնայած ստացած ամենատարբեր հարվածներին, այսօր էլ շարունակում է մնալ կենսունակ։ Պատճառները մի քանիսն են.
1. Քաղաքական պայքարի էֆեկտիվությունը։ Փորձություններն ու դժվարությունները անխուսափելիորեն հանգեցնում են թիմի ներսում որոշակի զտումների։ Էֆեկտը առաջին հայացքից ցուցանիշային անկում է գրանցում, բայց էֆեկտիվությունը, եթե քաղաքական պայքարի հիմքում նպատակային կազմակերպվածությունն է, որևէ դեպքում չի տուժում։
2. Ձախողումներից կատարված հետևությունները։ Խոսքը վերաբերում է թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական ձախողումներին։ Տարբեր խմբակներ որքան էլ փորձեցին ներկայացնել, թե երկրորդ նախագահը իր եսակենտրոն հավակնություններով խոչընդոտում է իշխող վարչակազմի տապալմանը, թե հանրային քաղաքականության տիրույթում երկրորդ նախագահը մրցունակ չէ և այլն, հակառակ ջանասիրաբար ձևավորած կարծրատիպերի, Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ, այսպես կոչված, Գյումրու սցենարը իր համար ընդունելի է անգամ այն դեպքում, երբ իր գլխավորած ուժն առաջնորդողը չէ։
3. Երկրորդ նախագահը դարձել է ավելի ժողովրդական, իսկ իր գլխավորած քաղաքական ուժի աշխատանքը` ավելի թիմային։ Սա արդիականության պահանջն է և ժամանակակից քաղաքական մրցունակության ցուցիչը։ Այս առումով, կարծում եմ, դեռ աշխատանք կա կատարելու, հատկապես հանրության հետ ուղիղ և անմիջական շփվելու և երկխոսություն ծավալելու հարցում, քանի որ լավագույնս հենց այս տիրույթում կարող են ջախջախվել երկրորդ նախագահի անձի շուրջ տասնամյակներով ձևավորված թերի կամ սխալ պատկերացումները։
Գարեգին Պետրոսյան