2025 թվականի ապրիլը Նիդերլանդների հայ համայնքի համար դարձել է համազգային հիշատակի և ոգեկոչման ամիս։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց կազմակերպման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, արդեն իսկ ձևավորում են հիշողության, դիմադրության և ինքնության պահպանման հստակ ուղեգիծ։
Միջոցառումների շարքը բացվեց ապրիլի 11-ին Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի երաժիշտ Իվո Բոսվայկը։ Համերգը վերածվեց մշակութային երկխոսության՝ ցավի ու կարեկցանքի, միասնության ցուցադրության հուզիչ դրսևորման:
Հաագայի Կենտրոնական Գրադարանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ, այս ապրիլին ներկայացնում է գրքերի հատուկ հավաքածու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Գրադարանում մինչև ամսվա վերջ խնամքով կազմված գրքերի ու բրոշյուրների ընտրանին Հայոց Ցեղասպանության մասին պարունակում է խորքային գիտելիքներ, իրադարձությունների պատմական համատեքստ և այս ողբերգության մնայուն ազդեցության խորաթափանցություն։ Սա պատշաճ առիթ է՝ ծանոթանալու պատմական անցյալին և հայ ժողովրդի տոկուն ոգուն։
Սակայն հիմնական միջոցառումները դեռ առջևում են։
Այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմի հովանու ներքո Եվրոպայում համերգների շարք կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը: Ապրիլի 22-ին, Ալմելո հայաշատ քաղաքում ի հիշատակ 1915 թվականի անմեղ նահատակների Ալմելոյի հայկական եկեղեցում խումբը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ ոգեկոչման համերգ կունենա։
Այդ օրը` Ապրիլի 22-ին, ժամը 19:30-ին, մեծ միջոցառում է տեղի ունենալու Հաագայի գերմանական եկեղեցում («Deutsche Evangelische Kirche»): Այս տարվա ոգեկոչման թեման է` «Երիտասարդությունն ու ցեղասպանության ուսուցման կարևորությունը»: Այս թեմայով կհնչեն քաղաքական ու վերլուծական ելույթներ։ Մասնակիցների շարքում կլինեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, պատգամավոր Դոն Սեդերը, վավերագրող Սինան Ջանը, պատմաբան Դիրկ Ռոդզանթը։ Երաժշտական մասը կիրականացնեն սոպրանո Միլենա Բեգլարյանը և «Աբովյան» միության երիտասարդական երգչախումբը։
Ապրիլի 23-ին, Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միությունը կկազմակերպի ավանդական ջահերով երթ՝ Ալմելոյում։ Երթի մեկնարկը՝ 19:15-ին Սխելֆհորսթ առևտրի կենտրոնից, խորհրդանշական ժամանակով հիշեցում է ցեղասպանության տարեթվի մասին։ Հազարավոր մասնակիցներ քայլելու են դեպի Հայ Առաքելական եկեղեցու բակ՝ դեպի հուշհամալիր: Դա հիշողության ու պարտքի զգացողության քայլերթ է։
Ապրիլի 24-ին, Կոմիտասի անվան քառյակը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ կլինի Diemen քաղաքում, տեղի կունենա բացառիկ մշակութային միջոցառում՝ «Դիմադրության արձագանքները. Նվիրվածություն նահատակներին Կոմիտասի սրբազան ձայնով» խորագրով։ Սա կլինի երաժշտության միջոցով տրված խոնարհումը՝ մեր նախնիների հիշատակին։
Նույն օրը՝ Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին, Ասենի Բոսկամպ գերեզմանատանը տեղի կունենա հիշատակի արարողություն՝ ծաղկեպսակների զետեղմամբ, ելույթներով ու համայնքային աղոթքով։ Կմասնակցեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, քաղաքական գործիչներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ապրիլի 24-ը մարդաշատ է լինելու Ալմելոյում: Հազարավոր հայեր և համակիրներ հնարավորություն կունենան այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Միջոցառմանը կմասնակցեն դեսպանը, Ալմելոյի քաղաքապետը, խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Հայկական բոլոր եկեղեցիներում կղողանջեն զանգերը, կկատարվեն պատարագներ։
Հաշվի առնելով Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների հագեցվածությունն ու ֆիզիկական մասնակցության հնարավորությունները` Ամստերդամում այն կնշվի ապրիլի 27-ին: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված հուշաքարի մոտ կանցկացվի ամենամյա հիշատակի արարողությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ դեսպանը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների և ԵՄ խորհրդարանների պատգամավորներ։
Այս ամենի կողքին շարունակվում է նաև քաղաքական պայքարը։ Ապրիլի 15-ին FAON-ը կրկին ներկայացրեց հանրագիր Նիդերլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։ Վերջին բանաձևը՝ Դոն Սեդերի և գործընկերների նախաձեռնությամբ, ընդունվել է գրեթե միաձայն։ Կառավարությունն այժմ պարտավորվել է մայիսյան արձակուրդներից առաջ ներկայացնել իր պաշտոնական դիրքորոշումը։
Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության հիշատակը վերածվել է հոգևոր, մշակութային և քաղաքական դիմադրության խորհրդի։ Այս տարվա ոգեկոչումը՝ իր բազմազանությամբ, ընդգծում է հիշողության շարունակության՝ ապրող սերունդների մեջ։ Հիշողությունն այստեղ ապրում է ոչ միայն ազգային ինքնապահմանմամբ, այլ երգով, քայլով, պատարագով ու քաղաքական հնչեղությամբ։
«Նիդերլանդական օրագիր»