Մի՛ երկմտեք բնավ:
Մի՛ վախեցեք:
Երբ վախի ամենաաննշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք:
Նույն կերպ վարվեք նաև ձեր բոլոր հոգնած վիճակների ժամանակ:
Երկրի վրա եղած ժամանակ Ես էլ հոգնություններ ապրեցի. այդ ժամանակ Ես բաժանվում էի անգամ Իմ աշակերտներից և առանձնության մեջ նստում ու հանգստանում էի: Ինչպես որ հանգստացա ջրհորի եզերքին: Հանգստանալուց հետո էր, որ օգտակար եղա սամարացի կնոջը:
Հանգստի համար հատկացրած առանձնության ժամերին միշտ հաջորդում էր մի որևէ հրաշագործություն: Սովորեք Ինձնից: Ինձ համար մարդկային մարմնի սահմանափակումներն ընդունելը նշանակում էր` մեղքից բացի` ենթարկվել այն նույն պայմաններին, որոնց ենթակա է մարդը:
Ես Իմ աշակերտներին սովորեցրել եմ հոգեկան ուժերի վերանորոգում և մարմնական հանգիստ: Ահա ձեզ մի օրինակ. երբ գլուխս բարձին դրած քնեցի նավի մեջ: Այդ բնավ էլ անտարբերություն չէր, ինչպես Իմ աշակերտները կարծեցին, երբ աղաղակում էին. «Վարդապետ, քո հոգը չէ՞ բնավ, որ մենք կորչում ենք»: Այդ օրը Ես հարկ համարեցի սովորեցնել նրանց, որ անընդհատ գործունեությունը Իմ Հոր ծրագրի մեջ չի մտնում:
Երբ Պողոսն ասաց.
«Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է Ինձ». բնավ չէր ուզում ասել, որ պարտավոր է ամեն ինչ անելուց հետո ապավինել Ինձ` ուժ ստանալու համար:
Կամենում եմ ասել, որ կարող էր վստահ լինել, թե անհրաժեշտ զորություն կստանա Ինձնից` կատարելու համար Իմ բոլոր հանձնարարությունները:
Իմ գործերը աշխարհի վրա ավելի շատ արգելքի են հանդիպել գործով, գործով ու անդադրում գործով:
Հոգնել չիմացող ու ջղային մարդը հաճախ է վանում Հոգին:
Հոգին պետք է միշտ մարմնի տերը լինի. և պարզ ու բնական ձևով, ըստ անհրաժեշտի օգտագործի նրան: Հանգստացեք Իմ մեջ:
Ինձ համար գործեր անելու համար, առանձնապես հետամուտ մի եղեք: Մի ջանացեք առիթներ ստեղծել: Ապրեք Ինձ հետ և Ինձ համար:
Ես Եմ գործեր անողը:
Ես Եմ առիթներ ստեղծողը: