Ստամբուլի ռինգում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտին հաջորդել է զանգվածային ծեծկռտուքը
09.11.2026 | 11:32
Ստամբուլում զանգվածային ծեծկռտուք է բռնկվել թուրք բռնցքամարտիկ Ումութ Չամկիրանի և ադրբեջանցի բռնցքամարտիկ Մուրադ Ալիևի միջև մենամարտից հետո։ WBC արծաթե ծանրքաշային տիտղոսի համար մենամարտը տևել է 12 ռաունդ։ Խաղի դատավորների որոշմամբ հաղթել է Մուրադ Ալիևը՝ նվաճելով չեմպիոնական գոտին։
Չամկիրանի համար սա իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունն էր։ Սակայն, հաղթողի անունը հայտարարելուց հետո Ալիևը գոտկատեղից ներքև ցուցադրական սադրիչ ժեստ է արել թուրք հանդիսատեսի նկատմամբ։
Սա վրդովմունք է առաջացրել երկրպագուների շրջանում, որից հետո ոմանք ուղղվել են դեպի ռինգ՝ զանգվածային ծեծկռտուք սկսելով։
Միջամտել են բռնցքամարտիկների թիմերի ներկայացուցիչները, անվտանգության աշխատակիցները և մրցաշարի կազմակերպիչները։
Իրարանցման ժամանակ կողմերն սկսել են իրար վրա աթոռներ նետել։
Ներկայումս այս զանգվածային կռիվը տեղափոխվել է սոցհարթակներ, որտեղ հիմնականում ադրբեջանցիները բողոքում են թուրքերի ռասիզմից՝ հայտարարելով, որ թուրք բռնցքամարտիկը ոչ թե թուրք էր, այլ քուրդ, և որ Թուրքիայում մարդիկ վերևից են նայում ադրբեջանցիներին, որովհետև Թուրքիայի թուրքերը մաքուր թուրքեր չեն, այլ հայերի, հույների ու հրեաների հետ խառնված անհասկանալի կերպարներ, ովքեր գետնով են տալիս թուրք ազգի անունը, իսկ թուրք օգտատերերը ադրբեջանցիներին անվանում են Իսրայելի ստրուկ ու «խոզ», որոնց առաջնորդում է ստրկամիտ Իլհամ Ալիևն ու նրա վերջը շուտով գալու է։
Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեկնաբանություններ