Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Կան գրքեր, որոնք չեն ավարտվում վերջին էջով

Կան գրքեր, որոնք չեն ավարտվում վերջին էջով
17.07.2026 | 11:46

Այն ամառ վարձակալել էինք հայտնի լրագրող Ստեփան Հովիվյանի տունը Դիլիջանում։ Ինքը՝ Ստեփանը, և կինը՝ Ամալյան, ապրում էին տան հետնամասում։

Ստեփանը զրկված էր երկու ոտքից, անվասայլակի վրա էր, բայց այնքան համեստ ու հաստատուն, որ մի պահից հետո մոռանում էիր այդ հանգամանքը։

Տեսնեիք՝ Ամալյան ինչպես էր վերաբերվում նրան․ ոչ որպես տուժածի, ոչ որպես բեռի։ Այդ վերաբերմունքի մեջ կար մի անբացատրելի նրբություն, լուռ հոգատարություն ու նվիրում, որոնք խոսում էին մի ամբողջ կյանքի մասին։ Երբեմն ինքներս մեզ հարց էինք տալիս՝ ի՞նչ գին ուներ այդ լուռ ուժը։

Տանը կից փոքրիկ գրադարան կար, որտեղ աշխատում էր Ստեփանը։ Ինձ համար դա հեքիաթի դարպաս էր։

Մի օր նա ինձ մի գիրք հանձնարարեց՝ պարզ, բայց հաստատուն հայացքով․

- Դու դեռ փոքր ես այս գրքի համար, բայց կարդա։ Հետո հարցեր կտամ։ Այս տանը հանգստացողներին միշտ այս գիրքն եմ տալիս։

Ես, կարծես, կարևոր առաքելություն ստացած լինեի։ Այդ գիրքը դարձավ և՛ պատիվ, և՛ պարտավորություն։ Ամեն էջ կարդում էի այնպես, կարծես նա հետևում է ինձ։

Այդ գիրքը «Աննա Կարենինա»-ն էր։

Երբ վերջապես սկսեցի պատմել կարդացածս, ձայնս կուլ գնաց։ Սկսեցի լաց լինել՝ դա ոչ թե լաց էր, այլ աղեկտուր հեկեկոց։ Կարծես ես էի ուղեկցել Աննային կայարան, ես էի նրան մենակ թողել գնացքի առաջ։

Չէի հասկանում՝ այդ լացը գրքի՞ համար էր, թե՞ կյանքի, բայց ես ամբողջությամբ ներս էի մտել այդ ցավի մեջ։

Ստեփանը չէր ընդհատում ինձ։ Նրա լռության մեջ դատողություն չկար, միայն փոխըմբռնում։ Եվ ես հասկացա՝ ինձ վստահել էին։

Միայն վերջում ասաց․

- Դեռ ոչ մեկն այսքան սրտանց չէր լացել։

Այդ պահին հասկացա՝ խոսքը միայն գրքի մասին չէր, այլ՝ ապրելու ձևի։

Այդ ամառ ես հասկացա, որ կան գրքեր, որոնք չեն ավարտվում վերջին էջով։

Դրանք սկսվում են հենց այնտեղ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 12119

Մեկնաբանություններ