Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու

Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու
09.11.2026 | 22:01

2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի։ Այդ օրը շատ ծանր ու դաժան օր է մեր պատմության մեջ, բայց դրանից հետո ոչ պակաս ցավոտ օրեր ենք ունեցել, տեսել Արցախի էթնիկ զտումը։ Վեց տարին քիչ ժամանակ չէր, որ պայքարել ու ոտքի կանգնել ցանկացող ղեկավարությունը մեզ չհասցներ այն կետին, որ այսօրվա քննարկման հարցը չլիներ Բաքվից պարտադրվող սահմանադրական հանրաքվեն։ Վեց տարին ժամանակ էր, որը կարելի էր ու պետք էր օգտագործել բանակը հզորացնելու, մեր դիվանագիտական ներուժը մեծացնելու, մեր հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև սեփական թերացումները տեսնելու, դրանք շտկելու և ոտքի կանգնելու համար։
Բայց այդ ժամանակը հոգով, մտքով ու սրտով հանձնված ՀՀ իշխանությունն օգտագործեց բանակը բարոյալքելու, Արցախի դեմ պայքարելու, Արցախի հայերին թիրախավորելու, Արարատ-Արագած կեղծ դիլեմաների, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և այլ հակապետական օրակարգերի համար։ Նրանք գերադասեցին մեզ բոլորիս մտցնել պարտության խարանի տակ, մեզ բոլորիս դարձնել կոտրված ու հանձնված, քան պայքարելու ու դիմադրելու ջանք գործադրել՝ հանուն մեր պետության։
Մենք հասել ենք մի կետի, երբ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» պատմության մեջ գոյություն չունեցող զավթողական անվամբ, և դրա դեմ պետական մակարդակով պայքար չկա, փոխարենը՝ մեզ եկել համոզում են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Հանձնվելուց ու խեղճանալուց արգահատելի բան չկա։ Թերևս անձնատուր լինելը անկամների ու տգետների համար հեշտ լուծում է, իսկ պայքարելը՝ բարդ, համառ, խելք ու կամք պահանջող աշխատանք։
Խոնարհումս 44-օրյա պատերազմում իրենց կյանքը դրած բոլոր մեր զինծառայողներին, որոնք կյանքի գնով չհանձնվեցին, այլ իրենց կյանքով ու զոհողությամբ պահեցին մեր բոլորիս ազգային արժանապատվությունը։ Որքան էլ ոմանց թվա, թե նրանց սխրանքը կարելի է մոռացության տալ, դա մեծ թյուրիմացություն է։ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․

Հ․Գ․ Ափսոս է մեր ժամանակը, այն կարելի է օգտագործել հանուն Հայաստանի, այլ ոչ թե ընդդեմ մեր պետության և ինքնիշխանության։ Ի վերջո, ժամանակը գնում է․․․

Տաթևիկ Հայրապետյան
Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ