«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էվոլյուցիոն հետընթաց ուղիղ եթերում

Էվոլյուցիոն հետընթաց ուղիղ եթերում
29.10.2026 | 22:25

(Թռչող աթոռների կրակի տակ հանձնվող հայրենիքը)

Եթե Միխայիլ Բուլգակովն ապրեր մեր ժամանակներում, ստիպված չէր լինի սպառել իր գրական ֆանտազիան ու փնտրել Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի նախատիպերին։ Անհրաժեշտություն չէր առաջանա տանջելու խեղճ կենդանուն, կատարելու հիպոֆիզի բարդ վիրահատություն և մարդագիտության անհավանական հրաշքներ գործելու։
Միխայիլ Աֆանասևիչից կպահանջվեր ընդամենը միացնել նիկոլական Հայաստանի Ազգային ժողովի ուղիղ եթերը, որտեղ հոկտեմբերի 29-ին ցուցադրվում էր «Շարիկովշչինայի արկածները Երևանում» գավառական դրամայի պրեմիերան՝ փնթիությամբ շարադրված և իրավամբ կնքված «Մարտեր առանց կանոնների և առանց ուղեղի կեղևի»։
Այստեղ է թաղված մեր օրերի մեծագույն ողբերգությունը, որը ծնում է սարկազմից ավելի խորը՝ փիլիսոփայական սարսուռ. էվոլյուցիան, որի վրա բնությունը միլիոնավոր տարիներ է վատնել՝ կոկելով մարդկային բանականությունն ու արժանապատվությունը, մեր օրերի խորհրդարանում ակնթարթորեն ապրեց իր գերագույն հետընթացը։
Պետականության թատերաբեմում տեղի ունեցավ տեսակի սարսափելի կապիտուլյացիա. պարզվեց, որ թանկարժեք մանդատն ու ֆրանսիական փողկապը դեռևս բավարար պայման չեն Հոմո սապիենս տեսակին պատկանելու համար։
Օրենսդիր մարմնում ցուցադրվածը պարզապես քաղաքական բախում չէր, այլ կենսաբանական հետադարձ թռիչք դեպի այն նախնադարյան խավարը, որտեղ միտքը փոխարինվում է հաչալու և կծելու բնազդով, իսկ պետականությունը՝ ոհմակի տարածքային կռվով։
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, տեսնելով այս ամենը, նույնիսկ չէր էլ փորձի հետվիրահատական միջամտությամբ նրանց կրկին շան կերպարանք տալ․ դա կլիներ ժամանակի և գիտական ռեսուրսի անպտուղ վատնում:
Նա պարզապես թաց անձեռոցիկով կսրբեր ձեռքերը, անդարձ կփակեր լաբորատորիայի դռները՝ պատմության մատյանում արձանագրելով սառը դատավճիռը․ կլինիկական շարիկովշչինան այլևս բուժելի չէ։
Այստեղ է թաղված մերօրյա ողբերգության գլխավոր փիլիսոփայական ակորդը. եթե բուլգակովյան Շարիկովը գոնե գիտակցում էր իր շնային ծագումը և երբեմն բնազդաբար կարոտում բակի կատուներին, ապա ԱԺ դահլիճը լցրած այս տեսակը կորցրել է անցյալի հիշողությունը՝ այդպես էլ ընդունակ չլինելով ընկալելու ներկան։
Սրանք այլևս շուն չեն, բայց այդպես էլ մարդ չդարձան։ Նրանք մնացել են էվոլյուցիոն այնպիսի միջանկյալ, մուտացված անկշռության մեջ, որտեղ բանականությունը փոխարինվել է պատգամավորական անձեռնմխելիությամբ, իսկ խիղճը՝ կուսակցական հավատարմությամբ։ Երբ կլինիկական ախտանիշը դառնում է պետական կառավարման մոդել, բժշկությունն ավարտվում է. սկսվում է պետականության անատոմիական դիահերձումը։
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ խորհրդարանի օրակարգ սպրդեց միանգամայն «չնչին» ու «աննշան» թեմա՝ երկրի ռազմավարական միջանցքները TRIPP կոչվող փաթեթով Ադրբեջանին հանձնելու հարցը։ Իսկապես էլ, ի՞նչ է ռազմավարական միջանցքը, եթե ոչ աշխարհագրական ավելորդություն՝ դատարկ հողակտոր, որի վրայով դարեր շարունակ անցել է պետության ողնաշարը։
Որպեսզի հանրությունը, Աստված մի արասցե, հանկարծ չսկսի մտածել պետության վերջնական կորստի, ԵԱՏՄ-ից հեռացման կամ տնտեսական կոլապսի մասին, ստվերային ռեժիսուրայի բարձրագույն կազմը միացրեց հանրային ուշադրությունը շեղող հզորագույն ռադիոտեղորոշիչը։ Գործի դրվեցին իշխանական կրկեսի գլխավոր արտիստները, որոնց առաջադրանքն էր՝ սեփական մարմնի կտրուկ շարժումներով, ջրի շշերով և ձայնալարերի ողջ հզորությամբ ծածկել պետության դիակի վրա արվող վերջին, անդառնալի կտրվածքները։
Այստեղ է բացվում քաղաքական կլասիցիզմի ողջ փիլիսոփայական ցինիզմը. երբ պատմության թատերաբեմում լուծվում է ազգերի և երկրների լինելիության հարցը, «հանդիսատեսի» վերածված հային զբաղեցնում են աթոռանետման գլադիատորական մարտերով։
Որքան մեծ է կորուստը, այնքան բարձր պետք է լինի խորհրդարանական գոռգոռոցը, որպեսզի սեփական ապագայի կործանումը սգալու փոխարեն հասարակությունը զբաղվի ուրիշի բռունցքների հետագծի քննարկմամբ։
ՔՊ-ի ցուցադրած այս էկվիլիբրիստիկան ոչ թե պարզապես շեղում է, այլ հավաքական գիտակցության անդամահատում, որտեղ ցավի զգայարանները խլացվում են «բազարային» անմակարդակ աղմուկով։
«Գլխավոր սադրիչ» նոմինացիայում մրցակցությունից դուրս էր վիրտուալ աղբանոցների մեծագույն վարպետ, գլխավոր ֆեյքաբույծ Տարոն Չախոյանը։ Նա, իր պատգամավորական «վեհ» կոչմանը հավատարիմ, ամբիոնից հերթական անգամ փորձեց «հերոսաբար» կռվել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ միացնելով «տուշոնկայի» հնամաշ, քերծված ձայնապնակը։ Սակայն, տեսնելով, որ միայն բառերը բավարար չեն ներկայացման համար, նա ձեռքի բաժակի ջուրը շփեց ընդդիմադիր Գառնիկ Դավթյանի վրա՝ ջրային էֆեկտներով հարստացնելով գավառական շոուի իրեն վերապահված արարը։
Բայց էվոլյուցիայի այս մուտացված գլուխգործոցը գանգին իջնող հուժկու հարվածի վայրկյանին ցուցադրեց անվտանգության այնպիսի՜ շնային ռեֆլեքսներ և այնպիսի՜ ճկունությամբ կռացավ, որ անգամ օլիմպիական մարմնամարզիկները կնախանձեին։
Չախոյանի ցուցադրած «տրյուկը» մերօրյա իշխանական ֆաունայի գլխավոր առանձնահատկությունն է. տիրոջը ծառայելու պատրաստակամությունը բացարձակ է, բայց սեփական ծնոտը զոհաբերելու նվիրվածություն՝ ոչ մի գրամ։ Որքան էլ Տարոնը ծեծվեց, այնուամենայնիվ, բնազդային մակարդակով անխաթար պահեց ամեն տեղ խցկվող քիթն ու դատարկության մեջ հանգրվանած չոր գանգը։
Այստեղ է թաքնված փիլիսոփայական ողջ դժոխքն ու շարիկովյան գոյաբանության պարադոքսը. սրանք պատրաստ են հաչալ, կծել ու կեղտ շպրտել, քանի դեռ իրենց թիկունքում կանգնած է անվտանգության աշխատակիցների ոհմակը, բայց առաջին իսկ իրական ֆիզիկական վտանգի դեպքում ակնթարթորեն վերածվում են սողացող, անողնաշար կենսաբանական սուբստանցի։ Նկարագրվածը սրբապղծության և վախկոտության այնպիսի կատարյալ սիմբիոզ է, որտեղ հերոսությունը չափվում է թաքստոցի խորությամբ, իսկ արժանապատվությունը՝ տիրոջ ձեռքից ստացած հերթական պատառով։ Նրանք պետականության ամբիոնն օգտագործում են որպես վիրտուալ աղբանոցի ֆիզիկական շարունակություն՝ հանրությանը ստիպելով շնչել սեփական հոգևոր նեխվածքը, որպեսզի այդ գարշահոտության մեջ խլացվի հայրենիքի կորստի դառնահամը։
Սակայն նախնադարյան բնազդների կատարյալ ու անվերապահ հաղթանակն ազդարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Դրսևորելով կլասիկ փողոցային խուլիգանի անկրկնելի ու անբասիր էսթետիկա՝ նա պետականության բարձրագույն ամբիոնից աշխարհին հայտնեց իր «գիտական» հայտնագործությունը. ԱԺ աթոռները նախատեսված են ոչ թե նստելու, ծանրակշիռ որոշումներ կայացնելու և մտածելու, այլ սեփական գործընկերների վրա նետելու համար։ Մարդակերպ այս պրիմատը, կառավարվելով բացառապես ողնուղեղային ազդակներով, իր ձեռքերում նորից ծանր առարկա հայտնաբերեց, ու քանի որ ուղեղի կեղևն այդ վայրկյանին վերջնականապես անջատվել էր՝ տեղը զիջելով նախամարդու արխետիպերին, խորհրդարանական աթոռը՝ որպես նիկոլական ժողովրդավարության ծանրակշիռ վկայություն, մեծ շուքով թռավ ուղիղ եթերում։
Այստեղ է թաղված քաղաքակրթական ողջ աղետը, որը մեզ ստիպում է հայացք նետել մեր տեսակի ապագայի խորքերը. երբ երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակը պետականության գործիքակազմը փոխարինում է նախնադարյան ռազմավարությամբ, իսկ քաղաքական միտքը՝ նյուտոնյան մեխանիկայի պարզունակ օրենքներով, մենք գործ ունենք ոչ թե պարզապես մշակութային անկման, այլ ինստիտուցիոնալ դեգրադացիայի հետ։
«ՎարչաԲենդ»-ական ԱԺ-ն մի աշխարհ է, որտեղ ծանրության ուժն ավելի ազդեցիկ է, քան փաստարկի ուժը, իսկ թռչող աթոռի հետագիծը՝ ավելի կանխատեսելի, քան երկրի արտաքին քաղաքական կուրսը։
Սա այն կետն է, որտեղ քաղաքական սատիրան վերածվում է էքզիստենցիալ մղձավանջի. երբ բանականությունը զիջում է կինետիկ էներգիային, պետությունը դադարում է լինել իրավական պայմանագիր և վերածվում է ֆիզիկական բախման գոտու:
Շարիկովյան այս կատաղությունը վերջնականապես ջնջեց սահմանը խորհրդարանական նիստերի դահլիճի և նախնադարյան քարանձավի միջև, որտեղ հարցերը լուծվում էին բացառապես ամենածանր բութ առարկայի օգնությամբ։
Ու քանի դեռ պետականության կշիռը չափվում է նետված կահույքի կիլոգրամներով, միտքը դատապարտված է մնալու այդ նույն աթոռների տակ՝ ջախջախված ու անարգված։
«Գլխավոր ամբրազուրապաշտպան» անվանակարգում անմիջապես առաջ նետվեց ԱԺ մյուս փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։ Տեսնելով, որ կերակրատաշտն ու սեփական էլիտար բարեկեցությունը վտանգված են, նա սեփական մարմնով փակեց տիրոջն ուղղված քաղաքական հարվածները։ Դե, հասկանալի է. երբ կնոջդ աշխատավարձը «Հայփոստում» ամսական 10 հազար դոլար է, կուրծքդ ինքնաբերաբար, առանց քո կամքի վերածվում է պողպատե անթափանց վահանի։ Տասը հազար դոլարանոց հավատարմությունը պահանջում է բացառապես ամուր կուրծք և զրոյական ամոթ։
Այստեղ է բացվում մերօրյա քաղաքական առևտրի գլխավոր փիլիսոփայական պարադոքսը. պարզվում է՝ արժանապատվությունն ու սկզբունքները բացարձակ արժեքներ չեն, դրանք ունեն հստակ շուկայական փոխարժեք և կոնկրետ հաշվարկելի տարիֆներ։
Երբ պետության շահը ստորադասվում է ընտանեկան բյուջեի կլորիկ թվերին, ցանկացած գոռգոռոց վերածվում է սովորական կոմերցիոն գործարքի։ Կոնջորյանական այս նվիրվածությունն ապացուցեց, որ շարիկովյան իրականությունում գաղափարախոսությունը ծնվում է ոչ թե մտքում, այլ բանկային հաշվեհամարների տաքուկ խորքերում, որտեղ հայրենասիրության չափանիշը որոշվում է ամսական ստացվող պարգևավճարների քանակով։
Պետականության տոտալ վաճառքի այս «մաքուր» և «զուլալ» էսթետիկան, որտեղ ամոթի զգացումը բանկոմատներում վաղուց է կանխիկացվել, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյան վերածվել է սեփական բարեկեցության բարձր վարձատրվող պահակի, ինքնին հոգևոր գահավիժման վկայական է։ Այստեղ խիղճն ունի հստակ սակագին, իսկ հայրենիքի սահմանները սկսվում ու ավարտվում են սեփական դրամապանակի սահմաններով։
Երբ մանդատակիր տեսակը հասնում է գիտակցության այս մակարդակին, պետությունը դադարում է լինել սրբություն, հավաքական երազանք կամ պատասխանատվություն. այն դառնում է սոսկ շահութաբեր բիզնես-նախագիծ, ՍՊԸ՝ սահմանափակ պատասխանատվությամբ, որի անխափան աշխատանքի և կանոնավոր եկամուտների համար արժե նույնիսկ ուղիղ եթերում բռունցքներով թիկնապահ խաղալ ու կորցնել մարդկային դիմագծի վերջին շտրիխները։
Ահա ՔՊ-ական այն սահմանը, որտեղ քաղաքական կոմերցիան վերածվում է ազգային դավաճանության, իսկ պաշտոնեական աթոռը՝ դեպի բարոյական անդունդ տանող անվճար տոմսի։
Այս խուլիգանական տոնավաճառի թիկունքային ապահովումն ու ջրի շշերի կանոնավոր մատակարարումն իրականացնում էր ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը, իսկ «Նավակ ճոճող» Վիլեն Գաբրիելյանը թիմակից պատգամավորուհու հետ ծիծաղից երկտակվում էր։ Հայրենիքը քանդվում է, սահմանները ջնջվում են, բայց կրկեսը զվարճալի է, իսկ պարգևավճարը՝ երաշխավորված։
Եթե պրոֆեսոր Պրեոբրաժենսկին այս պահին կանգնած լիներ դահլիճի օթյակում, նա նույնիսկ բժշկական հետաքրքրություն չէր ցուցաբերի այս տեսարանի հանդեպ: Փիլիսոփայական ամենադաժան հեգնանքն այն է, որ բուլգակովյան Շարիկովը միայնակ էր և իր տեսակի մեջ դժբախտ, մինչդեռ սրանք ստեղծել են հավաքական, կազմակերպված էկոհամակարգ, որտեղ մեկը սադրում է, մյուսը՝ աթոռ նետում, երրորդը՝ զինամթերքի պես ջրի շշեր մատակարարում, իսկ չորրորդը՝ հռհռում սեփական պետության կործանման վրա։
Պրոֆեսորը պարզապես կնայեր իր օգնական Բորմենտալին ու կասեր.
«Տեսնո՞ւմ եք, Իվա՛ն Առնոլդովիչ, սա արդեն հիպոֆիզի հարց չէ: Սա անասնական այնպիսի հարմարվողականություն է, որտեղ տեսակը կորցրել է ոչ միայն բանականությունը, այլև սեփական որջի կործանման բնազդային վախը»:
Նրանք ծիծաղում են պետականության տախտակամածին, որովհետև նրանց նեղմիտ ուղեղներում այդպես էլ չի տեղավորվում այն պարզ փաստը, որ երբ նավը սուզվի, իրենց երաշխավորված պարգևավճարներն ու նռնակի վերածված շշերը նույնպես գնալու են ջրի հատակը։
Ներոնի կլասիկ սինդրոմը՝ գավառական, ցեխոտ ձևաչափով․ հրդեհել սեփական տունն ու հռհռալ կրակի բոցերի վրա, վստահ լինելով, որ իրենց տրված մանդատ-տոմսերը հավերժական անձեռնմխելիություն են ապահովելու պատմության դատաստանի առաջ։
Այս ամբողջ կրկեսային հիստերիայի գլխավոր մոդերատորը ԱԺ խոսնակն էր, որի վարքագիծը քաղաքական կատարյալ անբարոյականության յուրօրինակ էտալոն դարձավ։
Դահլիճում տեղի ունեցող բացահայտ խուլիգանության, աթոռաթռիչքների ու հայհոյանքների տարափի տակ նա նստած էր այնպիսի անվրդով, անհաղորդ ու դատարկ հայացքով, ասես ոչ թե երկրի օրենսդիր մարմնի նիստն էր վարում, այլ պատահական հանդիսատես էր, որը հեռվից զարմացած դիտում է հարևան բակում կատվի հետևից վազող շների իրարանցումը։
Բայց նրա դրսևորած վարքը պարզապես անգործություն չէր։ Նա ոսկերչական ճշգրտությամբ, առանց սեփական իմպրովիզների, խաղաց Փաշինյանի գրած սցենարը՝ հավատարիմ մնալով դրա յուրաքանչյուր ստորակետին ու նյուանսին։ Նրա լռությունն ու հանդուրժողականությունը ծառայում էին միայն մեկ նպատակի՝ թույլ տալ, որ ոհմակային բնազդները հասնեն իրենց կուլմինացիային, և TRIPP-ի անաղմուկ հանձնումը քողարկվի պատգամավորական մարտերի փոշու տակ։
Եվ ահա, ներկայացման ավարտին, երբ վարագույրն իջնում է, հետնաբեմից խոսում է գլխավոր պրոդյուսերը, հիմնական սցենարիստն ու բեմադրող ռեժիսորը՝ վարչապետ աշխատող Նիկոլը, և մասսաներին հասցնում իր բարձրագույն, «ժողովրդավարական» դատավճիռը.
«Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է, աջակցում եմ ՔՊ-ին։ Այսուհետ այդպես կլինի»։
Հենց այդ ընդհանրացմամբ է հնչում պետականության փլատակների վրայով սահող ամենասարսափելի փիլիսոփայական ակորդը։ Երբ երկրի առաջին դեմքը ոչ թե պարզապես արդարացնում, այլ պաշտոնապես օրինականացնում է բռնությունն ու խուլիգանությունը՝ խոստանալով, որ «այսուհետ այդպես կլինի», Սահմանադրությունն ու Օրենքը վերջնականապես թաղվում են ԱԺ դահլիճի աթոռների տակ։
Գլխավոր բժիշկը պաշտոնապես հայտարարեց՝ գժանոցում հարցերը լուծվելու են բացառապես բութ առարկաներով, իսկ TRIPP-ը հանձնվեց անխոս ու հաջողությամբ։
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին այժմ կանգնած կլիներ դիահերձարանի սառը, անսիրտ լույսի տակ, որտեղ պատգամավորական մանդատների ու փողկապների տակից ցցված են մեր պետականության վերջին մնացորդները, և պարզապես անհաղորդ կնայեր վիրաբուժական գործիքներին:
Բուլգակովյան աշխարհում Շարիկովին հետ վիրահատեցին ու նորից շան կերպարանք վերադարձրին, որովհետև նա ընդամենը անհատական ձախողում էր, գիտական մեկուսի սխալ, լաբորատոր անպատվություն:
Բայց ի՞նչ անել, երբ Շարիկովը վերածվել է պետական կառավարման համակարգի, երբ նրա կլասիկ հաչոցն օրենք է, սադրանքը՝ քաղաքականություն, իսկ թռչող աթոռը՝ արդարադատության ու ժողովրդավարության գերագույն գործիք:
Աստիճանական դեգրադացիայի փիլիսոփայական ողջ սարսափն այն է, որ այս մուտացիան այլևս հետշրջելի չէ սովորական վիրահատական մեթոդներով. դանակը չի կտրում այնտեղ, որտեղ բարոյական փտախտն արդեն կերել է ամբողջ օրգանիզմը:
Տեսարանը ստացվեց կատարյալ. հանդիսատեսը սոցցանցերում կրքոտ ու հիստերիկ քննարկում է Չախոյանի կռանալու հետագիծն ու Վահագնի աթոռային թափը, իսկ պետությունը...
Դե, պետությունը հերթական անգամ կապիտուլյացիայի է ենթարկվում՝ անձայն, անարձագանք ու խոնարհ սպասելով հաջորդ աթոռի թռիչքին և սեփական վերջնախաղի անդառնալի կնիքին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Բաց նամակ հայ հասարակությանը
Հայրենակիցնե՛ր,
Դեռ որքա՞ն ենք մնալու լուռ հանդիսատեսն այն ցեխոտ, գավառական ու ծաղրածուական թատրոնի, որն այսօր իրեն «ՀՀ Ազգային ժողով» է անվանում։ Պետության թիվ մեկ ամբիոնից ցուցադրվածը ո՛չ քաղաքականություն է, ո՛չ էլ պետական կառավարում․ դա փողոցային ոհմակի բնազդական հիստերիա է, որտեղ մանդատներն ու թանկարժեք փողկապներն ընդամենը քողարկում են դավաճանությունն ու կլինիկական վախը։
Մեզ ստիպում են ժամերով քննարկել թռչող աթոռները, ջրի շշերն ու կռացող պատգամավորների շնային ճկունությունը ընդամենը մեկ նպատակով․ որպեսզի մենք չնկատենք, թե ինչպես է մեր թիկունքում, անաղմուկ ու անխոս, թշնամուն հանձնվում հայրենիքի հերթական կտորը, հերթական ռազմավարական միջանցքն ու բարձունքը։
Մեզ կերակրում են անասնական տեսարաններով, որպեսզի գողանան մեր ապագան։ Տեղի է ունենում հավաքական գիտակցության դաժան անդամահատում, որտեղ ազգային ցավի զգայարանները խլացվում են «բազարային» անմակարդակ աղմուկով։
Ինձ իրավունք եմ վերապահում կոչով դիմելու հայ հանրությանը․
Լիակատար ու անզիջում բոյկոտի՛ ենթարկեք այս կրկեսը։
Մի՛ դիտեք նրանց ուղիղ եթերները։
Մի՛ տարածեք նրանց խուլիգանական տեսանյութերը։
Մի՛ դարձեք նրանց սադրանքների սպառողն ու հանդիսատեսը։
Թույլ մի՛ տվեք, որ ձեր հույզերն ու ուշադրությունը կառավարեն աթոռ նետող, շիշ փոխանցող ու սեփական բարեկեցության բանկոմատները պաշտպանող մուտացված կերպարները։
Երբ այս կլինիկայի հանդիսատեսը դադարի տոմս գնել և թիկունքով շրջվի դեպի բեմը, այդ ժամանակ «կլասիկ» խուլիգաններն ու նրանց գլխավոր սցենարիստը կմնան բացարձակ միայնակ՝ սեփական ուրացման, դավաճանության և պատմության անդառնալի դատավճռի առջև։
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին վաղուց է փակել լաբորատորիայի դռները․ հիմա մեր հերթն է՝ շրջվելու, արթնանալու և սեփական տունն ու պետականությունը փրկելու։
Սթափության, արժանապատվության և վճռական գործողությունների ժամանակն է։
Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ