Մեծ հաշվով, ժամանակակից աշխարհում պայքարը, այսպես կոչված, դիկտատորական՝ կենտրոնաձիգ կառավարման և կորպորատիվ-դեմոկրատական համակարգերի միջև է, չնայած այսօրվա աշխարհում երկուսն էլ միմյանց հետ կապված են բազմաթիվ թելերով:
Մի կողմում Արևմուտքն է՝ ԱՄՆ, ԵՄ և սատելիտներ, մյուս կողմում՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, արաբական հարուստ միապետություններ:
Կան նաև Հնդկաստանի պես պետություններ, որտեղ դեռևս առկա են սոցիալական կաստաները, բայց իշխանությունը ֆորմալ առումով ձևավորվում է ընտրությունների միջոցով:
Կա Թուրքիա, որը նույնպես ներսից վերափոխվում է, քանզի դեմոկրատական Թուրքիա լինել չի կարող, նման Թուրքիան վաղ թե ուշ պետք է մասնատվի կամ դառնա թույլ վասալ:
Մեր մոտակա հարևանները այս մեծ համաշխարհային պրոցեսներում նախընտրել են գնալ դեպի դիկտատորական՝ կենտրոնաձիգ կառավարվող համակարգեր, նույնիսկ՝ Վրաստանը: Վրացիները, ի տարբերություն մեզ, օժտված են հոտառությամբ, հասկացան, որ Սաակաշվիլու դեմոկրատիայով աշխարհից ստացել են առավելագույնը և իրոք քիչ չեն ստացել: Դրանից հետո իրենց հաղթական ավարը վերցրել ու դուրս են եկել հին խաղերից: ԱՄՆ-ը՝ մի կողմից, Եվրամիությունը՝ մյուս, վրացիներին ստիպում են վերադառնալ հին խաղերին, բայց՝ ապարդյուն, վրացիները չեն ընկրկում, քանզի հասկանում են, որ վերադառնալով, տանուլ են տալու իրենց բոլոր հաղթական «ժետոնները»:
Ադրբեջանը այս առումով խնդիր չունի, այդ երկրում ամուր, կենտրոնաձիգ կառավարման համակարգ է: Կուզեք անվանեք դիկտատուրա, ինչ անուն ուզում եք տվեք, բայց այդ համակարգը ավելի ուժեղ է:
Իրանում կենտրոնաձիգ համակարգը լուրջ պայքար է ցուցադրում Արևմուտքի ճնշումներին:
Ռուսաստանը, ուկրաինական պատերազմից հետո, նույնպես կառավարման առումով ուժեղացավ, կապիտալն այդ երկրում տոտալ վերահսկողության տակ է, պետության դեմ ոտնձգություն չի հանդուրժում:
Հայաստանյան մոտակա ընտրություններին մնացել է 4 ամիս, սա շատ քիչ ժամանակ է: Բայց այս պահին որևէ քաղաքական ուժ չի առաջարկում գաղափար, որը պետք է փրկի Հայաստանը: Այո, խոսքը այսօրվա Հայաստանի ֆիզիկական, նաև բովանդակային փրկության մասին է: Քանզի նախկին, մինչ 2020-ի Հայաստանը ֆիզիկապես այլ տեսք ուներ: Եթե այն ժամանակ հայոց քաղաքական էլիտան մեծ խաղացողների առջև, որպես խաղաքար, նետել էր Ադրբեջանի 7 շրջանները, հետո՝ Ղարաբաղը, այսօր մեր էլիտան, նախկին խաղն արդեն իսկ տանուլ տված, մեծ խաղացողների առաջ, որպես խաղաքար, կազինոյի ժետոն, նետել է Հայաստանի մարմնի մասը՝ Սյունիքը, ԹՐԻՓ-ի անվան տակ:
Ավելորդ երազանքների տրվել պետք չէ, վիճակը հենց սա է:
Մնացած առումով, 2020 թվականից առաջվա նախաթավշյա Հայաստանի և այս Հայաստանի միջև ՉԿԱ ոչ մի տարբերություն: Երկրի ներսում ամենաթողություն է, որը նախկինից տարբերվում է զուտ ձևական առումով: Նախկին մռայլ դեմքերը խաշի շուրջ էին հավաքվում, ներկա ջահել և ուրախ դեմքերը դիսկո են պարում: Նախկինում պետական փողերը լափելու հայտնի ատկատը 10 տոկոս էր, այժմ ավելի շա՜տ պետական փող կա, ատկատները բազմաբնույթ են:
Ընտրություններից առաջ որևէ նոր ուժ չկա և լինել չի կարող, քանզի կապիտալը կենտրոնացած է նույն՝ հին խմբերի ձեռքում, որոնց մի մասը վերադասավորվել է արդի իշխանության կողքին, մյուսները՝ ընդդիմության:
Առանց լուրջ ֆինանսական աջակցության քաղաքական պայքարում ոչ ոք շանս չունի: Առանց փողի լայն զանգվածներին խաբելու միակ միջոցը սուտն ու պոպուլիզմն է, բայց այս նիշայում նույնպես անելիք չկա՝ գլխավոր պոպուլիստ ունենք:
Վերադառնանք մեծ աշխարհ:
Մեծ աշխարհում ցանկացած տեկտոնական բախում ավարտվում է նոր համաձայնությամբ, որով վերաբաշխվում են ազդեցության գոտիները, միջազգային սուբյեկտներին տրվում է համապատասխան դեր և ազդեցության գոտի:
Առայժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ Ուկրաինական պատերազմի արդյունքներով եզրափակիչ վերաբաշխում սահմանել հնարավոր չէ, հակասություններն ավելի խորքային են:
Այսպես կոչված՝ դիկտատորական համակարգը կոնսոլիդացվել և բավականին էֆեկտիվ հակազդեցություն է ցուցաբերում Էփշթեյնի գործում թաղված դեմոկրատական համակարգին, որը դարձել է անկառավարելի: Կորպորացիաները դեմոկրատական համակարգերը ապրանքի պես առնում ու ծախում են, ընտրությունները դարձել են ձևական թատրոն:
Բայց, միևնույն է, մեծ պայքարը ծավալվելու և շարունակվելու է այնքան, մինչև գա մեծ համաձայնության պահը: Այդպես եղավ թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ աշխարհամարտից հետո:
Ի՞նչ վիճակում է լինելու, ի՞նչ կշիռ է ունենալու այդ պահին Հայաստանը: Քանի որ անպատասխանատվությունը դարձել է մեր ազգային բնավորության խայտառակ գծերից մեկը, մենք ապագայի մասին մտածել չենք սիրում, ավելի ճիշտ, չգիտենք մտածել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիք, քթածակ, կամք...
Այժմ մենք Հայաստանում դեմոկրատիա ենք խաղում՝ տհաճ ու արնաշաղախ դեմոկրատիա:
Հնարավո՞ր է գալիք փորձություններին այսպիսի համակարգով դիմակայել՝ պատասխանեք ինքներդ:
Կապիտալն ու իշխանությունը նույն խմբերի ձեռքում են, մամուլն ու քարոզչամիջոցներն իրենց ձեռքում են, չնայած, ի՞նչ մամուլ, համատարած բամբասանք է: Մեր փողատերերը անցած տասնամյակներում նույնիսկ մեկ լուրջ լրատվամիջոց չկարողացան հիմնել: Դիկտատորական Ադրբեջանի ռուսալեզու մամուլը կարդում ու ապշում ես, թե ինչ ցածր մակարդակի վրա ենք նաև այդ առումով: Դա էլ պարզ է, եթե երկրում ամեն ինչ քուչի մակարդակի վրա է, ու՞մ է հետաքրքիր գլոբալ աշխարհը, այդ մասին վերլուծությունները:
Ոչ դիկտատուրա ձևավորելու ներուժ ունենք, ոչ էլ այս խեղկատակ դեմոկրատիան է աշխատում: Դիկտատուրան խոշոր կապիտալին ձեռնտու չէ, դիկտատուրան լուրջ պատասխանատվություն է: Այդ իսկ պատճառով հայկական խոշոր կապիտալին ձեռնտու է Նիկոլը: Ինչ ուզում է թող անի, միայն թե իրենց կապիտալի նկատմամբ ոտնձգություն չկատարի: 2018-ից հետո այդպես է: Նիկոլն էլ իր հերթին է զգում այդ սահմանը և խոշոր կապիտալի նկատմամբ լուրջ ոտնձգություն չի կատարում, չնայած, կարող է: Ի՞նչ իմաստ ունի դաշտից հեռացնել բոլոր խոցելի փողատերերին և ստանձնել ողջ պատասխանատվությունը, թող լինեն, նրանցից վնաս չկա:
Որտեղ 7 շրջաններն ու Ղարաբաղը, էնտեղ՝ ԹՐԻՓ-ը...
Հայկական քաղաքական էլիտաները կսպասեն այնքան, մինչև տեղի ունենա նոր աշխարհակարգի հիմնարկեքը: Այդպես եղավ 100 տարի առաջ, դաշնակները թույլ ու քայքայված Հայաստանը առանց պայքարի հանձնեցին բոլշևիկներին և հեռացան:
Ի՞նչ մնաց դրանից հետո, ի՞նչ կմնա այս անգամ...
Ինչպես նշեցի, այժմ խաղասեղանին նետված է ԹՐԻՓ-ը, և ցանկացած համաշխարհային կոնսենսուսի պարագայում այն ունենալու է իր տերը: Կազինոյի ժետոնը, խաղի ավարտից հետո, երբեք խաղասեղանի վրա չի մնում:
Եթե ԹՐԻՓ-ով պրծենք՝ էլի լավ է;
Արա Արայան