ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

130 «փրկիչներ»

130 «փրկիչներ»
27.07.2026 | 15:15

Պատմվածք առաջին. Հայաստան ~29,800/30,000 կմ²-ն ու Արցախի ~11,500 կմ²-ը

Ես միշտ հիացել եմ փոքր ազգերի՝ մեծ քանակությամբ ղեկավարներ արտադրելու տաղանդով։ Եվ այս հարցում, անկասկած, աշխարհի չեմպիոնը Հայաստանն է։

Եթե դուք քաղաքագիտության դասագրքերից գիտեք, որ աշխարհում գոյություն ունի ընդամենը մի քանի հիմնական քաղաքական գաղափարախոսություն՝ աջ, ձախ, կենտրոն, ապա ձեզ շտապ անհրաժեշտ է այցելել Երևան։ Այստեղ, 30,000 քառակուսի կիլոմետրի վրա պաշտոնապես գրանցված է մոտ 130 քաղաքական կուսակցություն։

Սա պարզապես ռեկորդ չէ, սա իսկական հրաշք է։ Դա նշանակում է, որ քարտեզի վրա ամեն մի քանի քառակուսի կիլոմետրին բաժին է ընկնում մեկ «կուսակցության նախագահ», մեկ «ազգի փրկիչ» և առնվազն մի քանի «հայրենասեր տեսաբան»։

Այս կուսակցությունների մեծ մասն ունի մի զարմանալի կենսաբանական հատկություն. դրանք քնում են։ Դրանք նիրհում են տարիներով, անաղմուկ ու խաղաղ, մինչև հանկարծ վրա է հասնում ընտրությունների կամ «մայիսյան ակցիաների» շրջանը։ Այդ պահին տեղի է ունենում հրաշքը. 130 «քնած գեղեցկուհիները» միաժամանակ արթնանում են, հիշում են իրենց պապերի ու ծնողների անունները, հագնում են կոստյումները և վազում դեպի մոտակա բարձրախոսը։

«Ո՞վ է փրկելու հայրենիքը»,- գոռում է առաջինը։

«Ո՛չ, ես եմ փրկելու»,- ճչում է երկրորդը, որի կուսակցությունը բաղկացած է իրենից, իր կնոջից և հարևանից։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս 130 խմբերից և ոչ մեկը չունի որևէ նոր գաղափար։ Նրանք բոլորն էլ առաջարկում են նույն բանը՝ «ծառայել հայրենիքին»։

Բայց այստեղ ծագում է մի փոքրիկ, չնչին, չափազանց անհարմար հարց.

«Այ ախպերներ, ընկերներ ջան... Դուք 30,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանում նստած՝ 130 կուսակցությունով չկարողացաք մի 11,500 քառակուսի կիլոմետրանոց Արցախ պահել։ Ո՞ւմ է պետք ձեր այդ «ծառայությունը»։ Ո՞ւմ են պետք ձեր 30-40 «ակտիվ ու ոչ ակտիվ» նախագծերը, որոնք ընտրությունից ընտրություն են արթնանում, երբ ամբողջ մի հայրենիք աչքի առաջ կորավ»։

Երբ երկրում կուսակցությունների քանակը գերազանցում է առողջ մտքի քանակին, քաղաքականությունը դառնում է էժան թատրոն։ Այդ 130 կուսակցություններից յուրաքանչյուրն համոզված է, որ ինքն անվազանցելի է, բայց իրականում դրանք ընդամենը 130 տարբեր ձևեր են՝ իրական պատասխանատվությունից փախչելու համար։

Եթե այս տեմպերով շարունակվի, շուտով Հայաստանում կուսակցությունների թիվը կգերազանցի ընտրողների թվին։ Եվ այդ ժամանակ ամեն մի քաղաքացի կունենա իր սեփական կուսակցությունը, կընտրի ինքն իրեն, հետո դուրս կգա փողոց ու ինքն իր դեմ ցույց կանի՝ 11,500 քառակուսի կիլոմետրը չպահելու համար։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ