Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Օսմանյան պատվեր՝ ներքին կատարմամբ

Օսմանյան պատվեր՝ ներքին կատարմամբ
29.07.2026 | 21:13

(«ԱՐԴ/0444/01/26» քրեական գործից մինչև ԱԺ-ում կարգալույծի ֆարսը)

ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ աղջիկնե՛ր և տղանե՛ր, որ աչքեր ունեք, բայց կույր եք, ականջներ ունեք, բայց խուլ եք․ ձեր ձայնագող վարչաբենդի, ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի ու Ալլահշուքյուր Փաշազադեի «չճանաչումով» Հայ Եկեղեցու գահը չի՛ սասանվում։

Բարձրյալի կամոք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդը եղել, կա ու մնում է աշխարհասփյուռ քրիստոնյա հայության Հոգևոր Հայրն ու Կաթողիկոսը։ Եվ այդ իրողությունը վեր է ձեր երկրային, անցողիկ պաշտոններից ու քաղաքական դավադրություններից։

Այն, ինչ այսօր անում եք պետական մակարդակով, սոսկ քաղաքական տարաձայնություն կամ անձնական ատելություն չէ․ սա պետականության հիմքերի և օրենսդրության բացահայտ ոտնահարում է։

«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է ընթացակարգերը։ ԱԺ անդրանիկ նիստի օրհնությունը «ըստ ճաշակի» կամ քմահաճույքով որոշվելիք հարց չէ, այլ պետական-ինստիտուցիոնալ ավանդույթ և օրենսդրական նորմ՝ ուղղակիորեն կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի ու Ինստիտուտի հետ։ Օրենքի շրջանցմամբ ցանկացած «այլընտրանք» պետական կառույցների վերջնական արժեզրկումն է։

Սակայն ՔՊ-ական իշխանությունը, հավատարիմ իր հակաազգային գործելաոճին, որոշել է ոտնակոխ անել օրենքը՝ ԱԺ անդրանիկ նիստին չհրավիրելով Հայոց Հայրապետին։ Ավելին՝ փորձ է արվում այդ բեմադրության մեջ ներգրավել կարգալույծ Արամայիս Թախմազյանին (նախկին տեր Թադեին)՝ ստեղծելով օրենքից դուրս, ողբերգական «հոգևոր» ֆարս։

Կարգալույծ՝ եկեղեցական աստիճանից ու իրավասությունից զրկված անձին պետական-օրենսդիր մարմնի ամբիոնին մոտեցնելը ոչ միայն հոգևոր կանոնների, այլև պետական արարողակարգի պղծում է։ Սա «սեփական, հպատակեցված եկեղեցու» կեղծ իմիտացիա ստեղծելու ճղճիմ փորձ է, որը հատուկ է միայն բռնապետական ու հակաազգային ռեժիմներին։

Փաշինյանի ցինիկ հայտարարությունը․ «Ես էդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում», դուրս է թե՛ սահմանադրական, թե՛ բարոյական տիրույթից։

Օրվա վարչապետը պետության Սահմանադրությունն ու օրենքները բացահայտ ստորադասում է իր անձնական քմահաճույքին ու քաղաքական վենդետաներին։ Մինչդեռ Գարեգին Բ-ն ընտրված և օրինական գահակալող Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և գործադիր իշխանության ղեկավարի անձնական «ճանաչելը» կամ «չճանաչելը» չունի իրավական որևէ ուժ։

Քաղաքական տեսանկյունից այդ անբարո ձևակերպումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բացահայտ գրոհ է, որի նպատակն է պառակտել հանրությանը և թուլացնել ազգային այն վերջին ինստիտուտները, որոնք ծնկի չեն եկել քաղաքական իշխանության առջև։

Սակայն այս ամբողջ թատերականացված ապօրինության մեջ ամենասարսափելին ոչ թե ներսի դերասանների հոխորտանքն է, այլ այն արտաքին սինքրոնիզմը, որով գործում է օրվա վարչախումբը։

Հիշենք ընդամենը շաբաթներ առաջ մերկացված «քաղաքական ռենտգենը»․ երբ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, եվրոպական կոստյումի տակ թաքցրած օսմանյան յաթաղանի մտածողությամբ, տենդագին ճշտում էր. «Կարո՞ղ եք փոխարինել Կաթողիկոսին»։

Այն, ինչ թուրքական դիվանագիտությունը տարիներ ի վեր երազել է անել հայոց ինքնության ու պետականության միջնաբերդի՝ Հայ Եկեղեցու հետ, այսօր իրականացվում է Փաշինյանի ձեռքերով։ Թուրքիայի ու Ադրբեջանի դարավոր ռազմավարական նպատակն է՝ չեզոքացնել Հայ Եկեղեցին՝ որպես հայության հավաքական հիշողության ու դիմադրողականության վերջին հենասյուն։

Փաշինյանը հայտարարում է «չճանաչելու» մասին, ԱԺ է հրավիրում կարգալույծի, իսկ իրավապահ ապարատին հրահանգում է հարուցել ԱՐԴ/0444/01/26 քրեական գործը՝ մեղադրյալի աթոռին նստեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի 132-րդ գահակալին։

Պատահական համընկնու՞մ։

Իհարկե՛ ոչ։ Սա այն նույն դավադիր սինքրոնիզմն է, որի մասին ահազանգում էի իմ «Պրա՞նկ, թե՞ քաղաքական ռենտգեն» հրապարակմամբ (հղումը՝ Հ․Գ․-ում)։ Այն, ինչ թշնամուն չհաջողվեց անել բացահայտ յաթաղանով, այսօր փորձում են անել ներսի կամակատարների միջոցով՝ օրենքն ու Սահմանադրությունը ոտնակոխ անելով։

ԱՐԴ/0444/01/26 համարով քրեական գործն ու ԱԺ անդրանիկ նիստը կարգալույծով օրհնելու ապշեցուցիչ ֆարսը սոսկ իրավական ապօրինություն չեն, այլ անջնջելի խարան, որը ներկայիս վարչախումբը փորձում է դնել մեր պետականության ճակատին։

Բայց հիշե՛ք․ յուրաքանչյուր ռեժիմ, որը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, պատմության ու ազգային հիշողության մեջ մնում է ընդամենը որպես ժամանակավոր չարիք։

Իսկ Սուրբ Էջմիածինն ու Հայոց Հայրապետի Գահը եղել են, կան ու մնալու են հավերժ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝

https://www.irates.am/hy/1783529895

Դիտվել է՝ 83

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ