ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
13.06.2025 | 15:06

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հունիս ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային ծրագրեր և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։

Զրույցի ընթացքում, իր հայրական օրհնությունը բերելով սփյուռքահայ երիտասարդներին, Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում վերջիններիս համախմբման առիթով, հետաքրքրվեց նրանց առօրյայով և ուսումնառության ընթացքով։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը գիտելիքների հարստացման, ազգային ոգու, առ հայրենին ու ազգայինը սիրո առավել ամրապնդման առումով։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ, ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով հարստացած, իբրև ազգի արժանավոր զավակներ, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց աշխարհասփյուռ համայնքների առավել զորացման գործում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ