ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է Ղարաբաղում

Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է Ղարաբաղում
17.07.2012 | 13:55

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններն են` երեք թեկնածուներով: Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, երբ թեկնածուները դեռ հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով ներկայացնելու իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: REGNUM գործակալության հաղորդմամբ` քննարկման հիմնական թեմաներից է հակամարտության հաղթահարման գործընթացը:

Գործող նախագահ և նախագահի թեկնածու Բակո Սահակյանը, ընդունելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայությունը, նշում է, որ անհրաժեշտ է այդ ուղղությամբ ակտիվացնել ջանքերը, նա կարևորում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը, ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, առանց որի հնարավոր չէ լուծում գտնել: «Խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են, բայց անվտանգության միակ երաշխավորն այսօր ԼՂՀ պաշտպանության բանակն է»,- ասել է Բակո Սահակյանը` հույս հայտնելով, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է Ղարաբաղում: «Միանշանակ է, որ վերադարձ չկա 1988 թվականին ո՛չ կարգավիճակի, ո՛չ երաշխիքների առումով»,- նշել է նախագահի թեկնածուն:
Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն անբնական է համարում, որ պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցություններին և բնակչության մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է քննարկվում: «Ես խոստանում եմ, որ իմ ընտրության դեպքում ցանկացած հարց, որ վերաբերում է Ղարաբաղի և մեր ժողովրդի ճակատագրին, չի քննարկվի առանց ձեր իմացության և ոչ մի քայլ չի արվի առանց ձեր համաձայնության,-հավատացնում է Վիտալի Բալասանյանն ընտրողներին:- ԼՂՀ-ն, որպես լիիրավ կողմ, պետք է մասնակցի բանակցություններին` հետապնդելով իբրև անկախ պետություն միջազգային հանրության կողմից ճանաչվելու նպատակը»:
Նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի ԼՂՀ տարածքային ամբողջականության և բնակչության անվտանգության ապահովման, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման սկզբունքների վրա: Նա համոզված է, որ ԵԱՀԿ-ի հովանու ներքո հնարավոր է հասնել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության, սակայն Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, որի համար նա մտադիր է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ