Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես ասում էի` Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի»

«Ես ասում էի` Սերժ Սարգսյանը  Ռուսաստանին հուսախաբ չի անի»
12.09.2013 | 23:55

«Իրատես de facto» ակումբի հյուրը սեպտեմբերի 12-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էր: Թեման Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ծավալվող գործընթացներն էին: Պարոն Հովհաննիսյանը խիստ մանրամասն անդրադարձավ սեպտեմբերի 3-ին նախորդած իրադարձություններին և նշեց, որ իր համար միանշանակ էր` փետրվարից ապրիլ «և-և»-ի շանսը կար, բայց քաղաքական ուժերը հնարավորությունը կորցրին, հետևանքը դարձավ «կամ-կամ»-ը: Մեղավորը նա միանշանակ համարում է քաղաքական ուժերին և Հայաստանում գործող «ագիտպրոպին, որը դոզավորում է լրատվությունը»: Քաղաքագետը կոչ է անում չչքմեղանալ և ընդունել, որ միանշանակ հրաժարում է տեղի ունեցել եվրաինտեգրման քաղաքականությունից, որը 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո էր սկսվել: Պարոն Հովհաննիսյանին մտահոգում է, թե հիմա ինչով է զբաղվելու ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը: Նա դժգոհ է, որ Հայաստանի խորհրդարանում չկա ԱՊՀ ինտեգրման կամ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողով, ինչպես ՌԴ Պետական դումայում է: Պարոն Հովհաննիսյանը մոռանում է, որ Ազգային ժողովում 2007-ից շատ առաջ գործում է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողով, որը տարեկան մի քանի անգամ նիստեր է գումարում Երևանում ու Մոսկվայում, իսկ ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը միշտ գլխավորել է խորհրդարանի նախագահը: Հայաստանը չարդարացրեց Ռուսաստանի ակնկալիքները` Եվրամիությանը, թե Եվրասիական միությանն անդամակցության շուրջ քաղաքական քննարկումներ ծավալելու առումով: Նախագահական ընտրությունների քարոզարշավում այդ թեմաները չարծարծվեցին, որովհետև հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին: Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում գոնե այդ հարցերը պիտի լուսաբանվեին: Անգամ Խրիստենկոն եկավ Երևան` խթանելու այդ քննարկումները, բայց ոչ մի քննարկում էլ չծավալվեց: Ռուսաստանը պատրաստ էր համաձայնելու, որ անհատական կարգով կառուցվեն հարաբերությունները Հայաստանի և ԵՄ-ի միջև, Հայաստանի և ՄՄ-ի միջև, բայց քաղաքական ուժերի կրավորական կեցվածքը պատճառ դարձավ այս վիճակին: Նույնիսկ ԲՀԿ-ն, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հստակ արտահայտվել էր հօգուտ Եվրասիական միության, Հայաստանի անդամակցությանը և կրկնակի ձայներ ստացավ, ավագանու ընտրությունների ժամանակ ընդհանրապես այդ հարցերին չանդրադարձավ: «Հավասարակշռությունը խախտվում էր և ենթադրվում էր ասոցացման համաձայնագրի ստորագրում նոյեմբերին Վիլնյուսում»,- եզրակացրեց պարոն Հովհաննիսյանը և շատ զարմացավ, որ Հայաստանը գնում էր անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման, ինչը անհեթեթություն է` ըստ նրա: «ԵՄ անդամները պարտադիր պետք է լինեն ՆԱՏՕ-ի անդամներ, նրանց համար դիվերսիֆիկացում չի ենթադրվում: Լուրջ տեսքով այդ քննարկումներն անողները կամակատարներ են կամ դիլետանտներ, քաղաքագիտական կրթություն չունեն, նույնիսկ հումանիտար կրթություն չունեն, բայց ներկայանում են որպես քաղաքագետներ` ավարտելով սննդի արդյունաբերության ինստիտուտ»,- տրտնջաց քաղաքագետների միության նախագահը: Լրագրողների համառ պնդումներից հետո կիսապատասխանելով «Եվրամիությո՞ւնը, թե՞ Եվրասիական միությունն է տնտեսապես շահավետ Հայաստանին» հարցին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Հետխորհրդային տարածքի ինտեգրումը այլընտրանք չունի: Մաքսային միությունն էլ չի փրկի Հայաստանը, Եվրամիությունն էլ չի փրկի, եթե այսպիսի քաղաքականություն վարվի»: Նա նկատի ուներ Սյունիքի նախկին մարզպետի որդուն և թիկնապահին կալանքից ազատ արձակելու զինդատախազության որոշումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ