Անտես ուրուներն ու ստվերները սառն առավել շիտակ,
իմաստաբան են, քան գիշեր ու տիվ մեր շուրջ աղմկող
մունետիկներն ու կայեն-վասակները,-
նրանց դեմքը վաղուց դիմակից էլ կարծր է,
որին չի դրոշմվում ոչ մի գունեղ նախշ,-
կլոնների պես բազմանում են ու խառնշտվում իրար
և գլխապատառ վազում աճպարար-խաբկանքի ետքից…
Բյուրեղ ակնթարթը ինձ հետ վարվում է Տեր-Արեգի պես -
փայլելով տարվա հրաշագեղությամբ,
իսկ ահա սպանիչ եղելությունը չի՛ փոխհատուցվում և
չկա՛ դատաստան, այլ կա անիշխան հուսախաբություն,
որի ամեհի ալիքը թափով խորտակում է լեռ, երկիր ու երազ…
Ինձ հետ օրերը խոսում են շինծու-բաղաձայն լեզվով,
մինչդեռ ես նրանց մեղեդայնության, հմայքի համար
քնքուշ գեղոններ ու գանձ եմ պահել սրտիս մառանում:-
Ժամանակները ատո՛ւմ են իրար ու մե՛զ են ատում
մերժված կուռքի պես,- ես նրանց գոյը չափակշռում եմ
ձայնի մոգությամբ, բայց խլացուցիչ շշուկով նրանք
մարում են անհետ իմ լսողության ետնաբեմերում:-
Անմարմի՜ն օրեր - այլասեր, տձև, որ անառակի
ներկահար դեմքով ելնում են փողոց և ճչում, ոստնում
մատնիչների ու խեղկատակների խելահեղությամբ,-
նրանց զոհերին անհնարին է հաշվել հետայդու…
Այսօր և ընդմիշտ թող ինձ հետ խոսեն սրբաքարերը
տաճարի ու տան, ծաղկունքն ու խիղճը այն եզերքների,
ուր նոր դիցեր են ծնվել արնակից: Թող շահ-թթենու ծլլոցը խոսի
և ծիրանենու հայացքը ծիրան, մանուկը խոսի այն ոսկեբարան,
որ երգասում է արևի մասին ու իր մայրիկի,
թող հո՛ւրը խոսի անապակ սիրո:
Ինձ հետ քայլում է երազանքների դասակը համառ,
որ ռմբահարվեց պատերազմներում, շրջափակվեց ու
պաշարվեց երկար ու չերկնչելով - մահապարտի պես
ինձ թիկունք կանգնեց դավադիրների ոհմակի դիմաց:
Ինձ հետ լիահունչ անրջում են դեռ փոքրիկ քաղաքի
զանգերը անխոս և պղնձաձույլ բարբառը զանգակ,
որ խոնարհվում է ինքն իր հնչույթում
և Աստծո պապակ շուրթերի վրա:
03.11.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ