ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Եկեղեցին

Եկեղեցին
10.06.2025 | 13:49

Հիշել եմ Առաքելոց վանքի կռիվը ու պատահական չեմ հիշել։ Այս անօրինակ ու անհավանական ելքով խիզախման մասին շատ է խոսվել ու գրվել, բայց անդրադարձերը եղել են միայն ռազմագիտության տեսանկյունից։ Խորհուրդը չի ընկալվել, ու այդ էր պատճառը, որ Անդրանիկը ստիպված եղավ առանձին գրքույկով անդրադառնալ, թե ինչու գնաց այդ խելահեղ քայլին ու, ամենակարևորը, ինչու որպես պաշտպանական ամրություն ընտրեց հատկապես հոգևոր կառույց՝ եկեղեցի, կոնկրետ՝ Մշո Առաքելոց վանքը։

Հիշենք, որ 1901թ․ նոյեմբերն էր, մի ընթացք, երբ հայությունը գտնվում էր վերջնական հուսալքության մեջ։ Անդրանիկը գրում է, որ շատ երկար էր մտածել, թե ինչ կարելի է անել մի բուռ հայդուկներով՝ վերականգնելու համար ժողովրդի հավատը ու, միաժամանակ, աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրք-քրդական ամենօրյա ասպատակությունների վրա։ Դեռ չգիտեր՝ ինչ պիտի աներ, բայց մի բան հաստատ գիտեր․ անելիքը պիտի լիներ անհնարին ու, պարտադիր, հաղթական ելքով։

Գոնե ֆիզիկական արդյունքը հայտնի է պատմագրությանը․ 30-32 հոգով կամովին մտան Առաքելոց վանք՝ ցուցադրաբար հրավիրելով կառավարության ուշադրությունը, և կարճ ժամանակ անց վանքը բոլոր կողմերից շրջափակվեց շուրջ 6 000-անոց կանոնավոր զորքով։ Պայքարը տևեց 20 օր, ու ամբողջ 20 օր և հայությունը, և իրենց հյուպատոսների միջոցով Ռուսաստանն ու Եվրոպան շունչները պահած հետևեցին այդ խելահեղությանը։ Թուրքերին չհաջողվեց գրավել վանքը, ըստ տարբեր աղբյուրների՝ տվեցին մոտ 2 000 սպանված, գիշերներն էին հավաքում իրենց դիակներն ու անմիջապես համալրում զորքը, իբր իրենց խայտառակությունը կոծկելու համար։ Իսկ 21-րդ օրվա գիշերը Անդրանիկը նույն 30 հոգով ճեղքեց պաշարումն ու առանց զոհ տալու հեռացավ: Հայությունը ցնծում էր, «քաղաքակիրթ» աշխարհն էլ կարդում էր իր հյուպատոսների զեկուցագրերն ու աչքերին չէր հավատում։

Հիմա։ Ինչու Անդրանիկն ընտրեց եկեղեցի։

Գոնե պատմությունից գիտենք, որ որևէ հեղինակություն ու իշխանություն չճանաչող Անդրանիկի համար գոյություն ուներ մեն-միայն Հայոց եկեղեցին։

Նա Առաջին Հանրապետության իշխանությանն էլ չճանաչեց, համարեց թուրքի կամակատարներ, ու հեռանալիս եկավ ոչ թե Երևան, այլ Էջմիածին։

Իր զենքը հանձնեց ոչ թե Երևանի վարչախմբին, այլ Վեհափառին։

Առաքելոց վանքի հռչակավոր կռվի խորhուրդը հենց հավատքն էր, Եկեղեցու շուրջ համախմբումը, Եկեղեցին որպես միակ հուսալի ամրություն ընդունելը։

Բայց, ըստ Անդրանիկի, դա չպետք է լիներ կույր հավատք, դա պիտի լիներ հավատք՝ ամրապնդված զենքով ու ոչ մի պարագայում չհանձնվելու վճռակամությամբ։

Ինչու՞ է Ալիևն իր մոլլայապետով այսքան հետևողական սևեռվել Հայոց Եկեղեցին կազմաքանդելու մտքի վրա։ Ինչու՞ է իր հայաստանյան հանձնակատարին արդեն դրդում գործնական, ճիվաղային քայլերի։

Կարծում եմ՝ վերջին հրեշավոր հայտարարություններից արդեն շատերի համար դա հստակվում է։ Հանձնակատարը չունի 6 000-անոց կանոնավոր զորք, որն առանց աչքը թարթելու կարշավի Եկեղեցու վրա։

Նա ունի թուրքի խրախուսանք, վարձու մենթերի մի ոհմակ, անուղեղ նախրի խիստ նվազած մի զանգված, ու, որպես «գաղափարախոս»՝ ստյոպ-բաբաջ-շիրին լեշակերների մի սահմանափակ խումբ։ Սրանց բոլորի նվիրվածությունն էլ բացառապես պայմանավորված է օրավարձով։ Որ օրը չվճարվեցին՝ նույն օրն էլ կանհետանանան կամ, նույնիսկ, իրենց կաղկանձը կուղղեն այսօրվա վարձողի դեմ։

Այս լեշակերների դեմ ի՞նչ ունի Եկեղեցին։

Ճիշտ է, այսօր չունի Անդրանիկ, բայց ունի իր գիտակից, հավատավոր հոտը, որը կազմում է մի ամբողջ ժողովուրդ։

Թող որ վթարված, մոլորված, հազար տեղից թիրախավորված, բայց հավատավոր ժողովուրդ։

Մնում է միայն գիտակցի, որ սա խեղկատակի քմահաճույքը չէ, սա թուրքական աշխարհի հստակ, հետևողական հարձակումն է Եկեղեցու վրա, ասել է՝ հայության ու պետականության պահպանման վերջին պատվարի վրա։

Հա՛․․․ Շատ, անչափ շատ եմ ուզում հավատալ, որ առաջին նախագահի այցը Վեհափառին՝ Թալեաթի համբույրը չէր Գրիգոր Զոհրապին․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ