Անչափ սպասում էի, որ ընդդիմադիր պատգամավորները, Տիգրանաշենի մասին շատ տեղին հարցադրումներ հնչեցնելիս, Ռուբեն Ռուբինյանից բացատրություն պահանջեին, թե նա որտեղի՞ց է վերցրել «անկլավ» տերմինը, ի՞նչ իրավական ծագում ունի այն և ո՞ր որոշման կամ օրենքի հիմքերով է խոսում հայաստանյան անկլավների գոյության մասին։
Իրականում «անկլավ» տերմինը զուրկ է որևէ իրավական հիմքից և բոլոր ժամանակներում շրջանառության մեջ է դրվել ոչ պաշտոնական մակարդակներում։ Միայն վերջերս՝ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի պահանջով է այն այս իշխանությունների կողմից դրվել շրջանառության մեջ։ «Անկլավ» կոչվող տարածքները երբևէ ոչ հայկական չեն եղել, և այդ տարածքների շուրջ քննարկումներն ու «բազարները», մեղմ ասած, բարոյական չեն։ Պետք է անկլավների մասին քննարկումներն ու հարցադրումները դադարեցնել բոլոր ձևաչափերում, մակարդակներում ու միջավայրերում։
Հայ-ադրբեջանական սահմանների նոր սահմանագծման ու սահմանազատման մասին քննարկումն ավելորդ է․ այն երկու հանրապետությունների միջև արդեն իրականացվել է 1985-1987 թթ․, ինչի մասին 1988 թ․ հունվարի 12-ին երկու հանրապետությունների կառավարությունների առաջին տեղակալների՝ Մովսիսյանի և Մամեդովի կողմից ստորագրվել է ամփոփ արձանագրություն։ Ինչի մասին, անհասկանալիորեն, ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկի կողմից դարձյալ հարց չհնչեց Ռուբեն Ռուբինյանին։
Հատկանշական է նշել, որ 1988 թվականից մինչև 2020 թվականի արցախյան պատերազմը՝ շուրջ 32 տարի, 1988 թ․ ստորագրված ամփոփ արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից որևէ առարկություն չի եղել։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ