Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 2014թ. մարտին ծրագրվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:
Դավութօղլուն նշել է, որ փետրվարին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Անկարա կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջև ստեղծել բարձր մակարդակով համագործակցության խորհուրդ: Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի վերջին կայցելի Թեհրան, նա նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ուղղված քայլերն ակտիվանում են: Ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2015 թվականին հասցնել 30 միլիարդ դոլարի:
Նշենք, որ թուրք-իրանական հարաբերությունները բավականին բարդ են։ Տարածաշրջանում Իրանի շիա դաշնակիցներից մեկը՝ Սիրիան, դարձել է վերջին տարիներին Թուրքիայի ու Իրանի միջև հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառը: Առկա է քրդական գործոնը, ինչը նույնպես ազդում է երկու երկրների հարաբերությունների վրա։ Բացի այդ, Թուրքիան մշտապես ձգտել է ստանձնել տարածաշրջանում առաջատար պետության դերը։