ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
11.10.2014 | 12:14

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով.

Պետությունների հարգելի՜ ղեկավարներ,
Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Ներկայիս՝ արտահերթ նախագահության ընթացքում Բելառուսը շարունակել է իր կարևոր ներդրումն ունենալ մեր համագործակցության ամրապնդման գործում:
Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը: Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ: Այդ առիթով նախատեսված միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, երիտասարդության դաստիարակությունը հանդուրժողականության, ազգամիջյան և միջդավանական համերաշխության ոգով:
Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:
Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը:
Աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:
Պետությունների հարգելի՜ ղեկավարներ,
Մեզ համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունեն իրականացնելու ճյուղային համագործակցության համապատասխան մարմինները, որոնց գործունեությունը պետք է ուղղվի որոշակի խնդիրների լուծմանը և շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: Հենց այդպիսի տրամադրվածությամբ է Հայաստանն ընթացիկ տարում անցկացրել Համագործակցության մարմինների մոտ 10 նիստ:
Հաջորդ տարի նախատեսվում է Վորոնեժն ու Կուլյաբը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», իսկ տարին՝ կրթության տարի: Հուսով ենք, որ այդ որոշումների իրագործումը նպաստելու է մեր ընդհանուր հումանիտար տարածքում կապերի ամրապնդմանը, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում շփումների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների ընդլայնմանը: Այդ նախագծերն ամբողջապես համահունչ են Հայաստանում բարձրորակ կրթության ապահովման և գիտելիքահենք տնտեսության ստեղծման ուղղությամբ մեր քաղաքականությանը: Այդ ոլորտները մեր երկրում հռչակված են պետական առաջնահերթություն: Մի քանի օրից Դիլիջանում կբացվի Համագործակցության տարածքում առաջին դպրոց-պանսիոնը, որը մտնում է Համաշխարհային միացյալ քոլեջների կրթական ցանցի մեջ, որտեղ սովորելու համար Հայաստան են ժամանել 96 պատանիներ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ 14 հոգի ԱՊՀ պետություններից:
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում:
Շնորհակալություն:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ