ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԻԻՀ արտաքն գործերի նախարարը Երևանում

ԻԻՀ արտաքն գործերի նախարարը Երևանում
28.01.2015 | 14:05

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նա կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում 2013-ին Թեհրան այցը և նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումն ու պայմանավորվածությունները, որոնց իրագործման, բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու և խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ:
Արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական և քրիստոնեական երկրները կողք կողքի խաղաղ ապրում են: Նա նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տնտեսական համագործակցության հարցերը և, հատկապես, նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետևողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը: ՀՀ նախագահը և Իրանի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանի և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման և տևական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարևոր է միմյանց աջակցելը:



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս հունվարի 27-ին ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլև ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարևորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում: Տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկի և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը: Աժ նախագահը կարևորել է Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների համագործակցության խորացումը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման աշխատանքների համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով երկու երկրների քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում: Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԻԻՀ հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաև ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել ԱԺ նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Մոհամադ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա նշել է, որ տարածաշրջանային խնդիրներում Իրանի դիրքորոշումը չի փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015-ին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության խորացմանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդունելով ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014-ի հոկտեմբերին ԻԻՀ պաշտոնական այցը նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Պարոն Զարիֆի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնում նշանակալի ներդրում ունի հայ-իրանական կապերի սերտացման և ընդլայնման գործում: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կողմերն առանձնակի կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին՝ 2014 թ. դեկտեմբերին Իրանում կայացած նիստի աշխատանքներից և շեշտել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն` ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն ևս կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ