ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մետրոպոլիտենում բացվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Մետրոպոլիտենում բացվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
20.04.2015 | 19:11

Ապրիլի 20-ին Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Հայոց եղեռնը` ուսանողների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։

Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրենց ստեղծագործությունների միջոցով ներկայացնում են նախնիների կրած ցավն ու կսկիծը, վերածնվելու, ապրելու, պայքարելու և պահանջելու ուժն ու ուղին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի առաջինից երրորդ կուրսերի բոլոր ուսանողները ստացել են ուսումնական առաջադրանք՝ պատրաստել Ցեղասպանության թեմայով պաստառներ։ 300 պաստառներից ընտրվել են 100-ը և ներկայացվել հանրությանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ պաստառներից յուրաքանչյուրն արտահայտում է հայ ժողովրդի ապրած կորուստն ու վիշտը։ Նկարներում արտացոլված է նաև երիտասարդների պահանջատիրությունն ու պայքարը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս օրերին միջոցառումների շարք է կազմակերպվել ուսանողական կառույցների կողմից։ «Մեր ուսանողությունը մասնակից է դառնում այն մեծ գործընթացին, որ իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Նման նախաձեռնությունները և փակցված պաստառներն ապացուցում են, որ երիտասարդությունը պահանջատեր է։ Ժամանակը մոռացության չի մատնում տեղի ունեցածը, և մեր սերունդները մշտապես պայքարելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ»,- նշեց պարոն Ավագյանը։
Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը տեղեկացրեց, որ «Երիտասարդական» կայարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցուցահանդեսը կգործի ապրիլի 20-26-ը։ Ապրիլի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, ավանդույթի համաձայն, երթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ