Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել ԵՄ - Ռուսաստան հարաբերությունները

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել ԵՄ - Ռուսաստան հարաբերությունները
11.06.2015 | 17:27

Եվրոպական խորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել ՌԴ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։ Ստրասբուրգում խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևով եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել ԵՄ-ՌԴ հարաբերությունները, հայտարարելով՝ Ռուսաստանը կորցրել է Եվրոպայի վստահությունը և ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։ Բանաձևը կոչ է անում հակազդել ռուսական քարոզչությանը, առաջարկում աջակցել անկախ ռուսալեզու լրատվամիջոցներին Եվրամիությունում և նրա սահմաններից դուրս։ Միլանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իտալացի գործարարների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով պատժամիջոցներին, հայտարարել է. «Ռուսաստանը ամեն դեպքում գործընկեր գտնելու է, սակայն չարժե հրաժարվել փոխշահավետ համագործակցությունից»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման պատճառը եվրոպացի խորհրդարանականները համարում են ՈՒկրաինայի զինված հակամարտությունում Ռուսաստանի ուղղակի և անուղղակի մասնակցությունը, Ղրիմի բռնակցումը, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը և Եվրամիության եվրոպացի հարևանների վրա տնտեսական ճնշումն ու նրանց քաղաքական ապակայունացումը։ Եվրոպացի պատգամավորները պնդում են, որ Ռուսաստանը գիտակցաբար խախտում է ժողովրդավարության սկզբունքները, միջազգային իրավունքի և իրավական պետության հիմնարար արժեքները։ Բանաձևում ընդգծվում է, որ ՈՒկրաինայի արևելքի ու Ղրիմի իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանը չի կարող դիտարկվել ռազմավարական գործընկեր։
Համագործակցության վերսկսումը հնարավոր կլինի, եթե Ռուսաստանը հարգի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներառյալ Ղրիմը, անխոս կկատարի Մինսկի համաձայնագիրը, կդադարեցնի ռազմական և այլ գործողությունները, որոնք իրականացնելով՝ նպատակ ունի ապակայունացնել Եվրամիության երկրների սահմանները։
Եվրախորհրդարանը նաև դիմել է Եվրահանձնաժողովին՝ պահանջելով բավարարար չափով միջոցներ հատկացնել կոնկրետ նախագծերի համար, որոնք կոչված են դիմակայելու ռուսական քարոզչությանը ԵՄ տարածքում և սահմաններից դուրս, օբյեկտիվ տեղեկատվություն հասցնել Արևելյան գործընկերության անդամ երկրների լայն հանրությանը։ Փաստաթուղթը քննադատում է ռուսական «սև ցուցակը», որում ընդգրկված 89 հոգուց 19-ը Եվրախորհրդարանի անդամ է։ Զեկուցողը կողմ է արտահայտվել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ Ռուսական դիվանագիտական գերատեսչությունից ի պատասխան այս հայտարարությունների ասել են, թե երկրորդ այտը դեմ չեն տալու, բայց և չեն մուրալու ԵՄ-ից ոչինչ։ «Մենք հպարտ երկիր ենք, այդպիսին էլ կշարունակենք լինել»,- ընդգծել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ