NEWS.am-ը ներկայացնում է՝ամերիկյան «The National Interest»-ում հրապարակված Էվան Գոտեսմանի հոդվածը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին Բաքվում հանդիպելու է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին: Օրակարգում Լեռնային Ղարաբաղի՝ շուրջ մեկ քառորդ դար ձգվող հակամարտության կարգավորումն է: Քիչ հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպումը որևէ առաջընթացի կհանգեցնի: Մինսկի խումբը տառապում է Արևմուտքի անուշադրությունից և Կրեմլի ինտրիգներից:
Ամերիկայի հետաքրքրության պակասը կարող է թանկ արժենալ և ԱՄՆ-ի, և Եվրոպայի համար: ԱՄՆ-ի համար հակամարտության կարգավորումը երկու առանցքային առավելություն ունի. եվրոպական դաշնակիցների էներգետիկ անվտանգության բարձրացում և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությամբ հակամարտության առաջացման վտանգի նվազում:
2010-ին Ալիևն ու Սարգսյանը բանավոր պայմանավորվեցին հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական ծրագրի՝ Մադրիդյան սկզբունքների որոշ տարրերի շուրջ: Այդ պատճառով առաջին հայացքից տարօրինակ է թվում վերջին տարիներին առաջընթացի բացակայությունը: Բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի առավել մանրամասն ուսումնասիրությունն այլ փաստ է մատնանշում: Մոսկվան, իբր բանակցությունների միջոցով խաղաղության ձգտելով, անվերջանալի վեճից օգուտ է ստանում:
Ի վերջո, Ադրբեջանը կարող է որոշել, որ պետք է ռիսկի դիմել՝ Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու համար: Եթե Ռուսաստանը մարտի բռնվի, անկասկած, կհանգեցնի Բաքվի աղետալի պարտությանը: Ամեն դեպքում, Մոսկվան կարող է մի կողմ քաշվել այն հիմքով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված մաս չէ և, հետևաբար, չի պաշտպանվում ՀԱՊԿ-ի կողմից:
Պարզ է, որ Ռուսաստանը դժվար թե բարեխղճորեն միջնորդական առաքելություն իրականացնի, քանի դեռ կարող է վերահսկել ղարաբաղյան խնդրում նախաձեռնողականությունը և օգուտ ստանալ հակամարտության շարունակումից: Մոսկվայի համար Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքից ստացվող եկամուտները, Հարավային Կովկասում քաղաքական լծակները և ռուսական էներգետիկ շահերն ավելի կարևոր են, քան հակամարտության կարգավորումը: Դա լավ ոչինչ չի խոստանում ԱՄՆ- ին կամ եվրոպական դաշնակիցներին: Բացի եվրոպական էներգետիկ անվտանգությանն ուղղված սպառնալիքներից, Հարավային Կովկասում ևս մեկ պատերազմ կարող է ներգրավել տարածաշրջանի այլ գերտերությունների, օրինակ՝ Թուրքիային: Իր ներգրավման դեպքում Անկարան կարող է պատճառ գտնել՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ՝ փոխադարձ պաշտպանության մասին հոդվածին հղում կատարելու համար: Այդ դեպքում ԱՄՆ-ը և Դաշինքի անդամ մյուս պետությունները կներգրավվեն հակամարտության մեջ հենց Ռուսաստանի անմիջական սահմանին, ինչը, անկասկած, կթունավորի Մոսկվայի և Արևմուտքի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:
Խաղաղության համար շրջանակներ արդեն գոյություն ունեն: Չնայած դժվարություններ կառաջանան՝ ԱՄՆ-ը կարող է և պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով հետևողական բանակցային գործընթաց վարելու պարտավորություն ստանձնի: Պատերազմի վերսկսումը բացասական հետևանքներ կունենա Հարավային Կովկասի սահմաններից շատ հեռու: Հայաստանին և Ադրբեջանին գործընկեր-միջնորդ է անհրաժեշտ, որի համար շահեկան է տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այլ ոչ թե հավերժ հակամարտությունը: