Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կասկածում է Ռուսաստանին «Բեսարաբիա» նախագծի մշակման մեջ, որը պատրաստվում է իրականացնել Օդեսայի շրջանում: Նրա խոսքով՝ Օդեսայի շրջանի բնակիչների մեծ մասը ռուսական հեռուստաալիքներ է դիտում, ինչը նպաստում է Կրեմլի պլաններին: «Ես ամաչում եմ այդ մասին խոսել, բայց ուկրաինական Բեսարաբիայի մասին մինչև վերջերս ավելի շատ մտածել է Վլադիմիր Պուտինը, քան մեր սեփական կառավարությունը»,- ասել է Սաակաշվիլին: Նա նշել է, որ շրջանի բնակիչներն այժմ գտնվում են մեկուսացման մեջ, իսկ ՈՒկրաինայում տեսնում են միայն «ագահ պաշտոնյաների» և «սարսափելի ճանապարհներ»։ Սաակաշվիլին ընդգծել է այդ ուղղության կարևորությունը՝ նշելով, որ դա ռազմավարական ճանապարհ է ՈՒկրաինայից Ռումինիա, այսինքն՝ Եվրամիություն: Սաակաշվիլին կարծում է, որ Բեսարաբիայի բնակիչներն ՈՒկրաինային միայն վատ լույսի ներքո են տեսնում: