Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Ստրասբուրգում, որտեղ սկսվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը, հայկական պատվիրակությանը հաջողվել է զեկույցից հանել խիստ հակահայկական ձևակերպումը, որ Եվրոպայի խորհուրդը ընդունում է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից 7 շրջանները: Ըստ զեկույցի հեղինակների՝ հենց այդ օկուպացիայի փաստն է, որ խոչընդոտում է Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը: Զեկույցից այդ հատվածը հանելու գործին լծված են եղել ոչ միայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները, ովքեր երեկ ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են կատարել մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ, այլև ԵԽ անդամ երկրներում Հայաստանի դեսպանները: Հայ դեսպանների խնդիրն է եղել աշխատել իրենց տեղակայման երկրների ԵԽԽՎ պատվիրակության անդամ պատգամավորների հետ, որ նրանք միանան բանաձևից հակահայկական ձևակերպումը հանելու գործին: Ադրբեջանի նախագահի անմիջական ցուցումով այս պահին էլ ադրբեջանցիները, իրենց սեփական միջոցներով, ինքնաթիռի տոմսեր են գնում ԵԽԽՎ այն պատգամավորների համար, ովքեր ունեն պրոադրբեջանական դիրքորոշում, սակայն բացակայում են նիստից: Ադրբեջանցիները ցանկանում են լիագումար նիստում ունենալ մեծամասնություն, որ հնարավորություն կտա զեկույցից հանված այդ պարբերությունը կրկին ներառել զեկույցի մեջ և զեկույցը ընդունել հիշյալ ձևակերպմամբ: