Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը` Սարե Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին` անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցին: Անդրադառնալով ամուսնու վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, նա շեշտել է, թե կան թեմաներ, որ երկրի քաղաքական ուժերը պետք է ազգային շահերի տեսանկյունից դիտարկեն և վեր դասեն կուսակցական շահերից: Սարե Դավութօղլուն հիշեցրել է ամուսնու հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Այս կառավարությունը աշխատում էր արդարացի մոտեցում ցուցաբերել հիշյալ հարցին: Պարոն Ահմեդը ասաց նաև, որ արտասահմանի հայերը նաև Թուրքիայի սփյուռքն են: Սակայն տխրեցնող է, որ նման մոտեցումը Թուրքիայի բարեկեցությունը չցանկացողների ձեռքին հաղթաթղթի պես է դարձել: Կարծրատիպեր կան»,- ասել է տիկին Դավութօղլուն: