Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 10 օրում պետք է հստակ պատասխան տա՝ պատրաստվու՞մ է Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել վարչապետ: 25 հազար ուկրաինացիներ մեկ շաբաթում ստորագրեցին նախագահ Պորոշենկոյի կայքում զետեղված էլեկտրոնային խնդրագիրը, որում ընդամենը երեք նախադասություն կար «Պահանջում ենք Միխաիլ Սահակաշվիլիին նշանակել երկրի վարչապետ: Թույլ տվեք՝ մարդը երկրում բարեփոխումներ իրականացնի: Հերիք է դիմանալ կոռուպցիային և բարեփոխումների ձգձգմանը»: Ուկրաինական օրենսդրության համաձայն առնվազն 25 հազար ստորագրություն հավաքած էլեկտրոնային որևէ խնդրագիր երկրի նախագահը անտեսել չի կարող և պետք է պաշտոնական պատասխան հրապարակի: Միխաիլ Սահակաշվիլին դեռ անցած շաբաթ Պորոշենկոյին պատկանող «Հինգերորդ ալիքի» եթերում կտրականապես հերքում էր իր վարչապետական հավակնությունների մասին Կիևում շրջանառվող լուրերը: Նա շարունակում է քննադատել Արսենի Յացենյուկի կառավարությանը` գործադիր իշխանությանը մեղադրելով ուկրաինացի օլիգարխների շահերը սպասարկելու մեջ: Սահակաշվիլիի պնդմամբ՝ իր պաշտոնավարման առաջին 100 օրերին Օդեսայում բարեփոխումներ սկսելու բոլոր փորձերը բախվել են կենտրոնական կառավարության կոշտ հակազդեցությանը:
«Այս կառավարության և վարչապետի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում պետական ձեռնարկությունները Ուկրաինայի պետական բյուջեին շուրջ 100 միլիարդ գրիվնայի վնաս են պատճառել: Այդ ձեռնարկությունները իրականում շահույթով են աշխատում, սակայն ողջ շահույթը գրպանում են օլիգարխները: Իսկ շարքային ուկրաինացիները ստիպված են իրենց գրպանից սուբսիդավորել այդ ձեռնարկությունների գործունեությունը: Սա օլիգարխների` կառավարության վրա ունեցած ազդեցության կոնկրետ օրինակ է», - պնդում էր Սաակաշվիլին:
Օդեսայի նահանգապետի քննադատության գլխավոր թիրախը Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկն է` «Պրիվատ Գրուպի», ուկրաինական 1+1 հեռուստալիքի և Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իգոր Կոլոմոյսկին: Նա նաև լուրջ տնտեսական շահեր ունի Օդեսայում, որոնց կյանքի կոչմանը նոր նահանգապետը ակտիվորեն հակազդում է: Այս ֆոնին Կոլոմոյսկու արձագանքը բավական սպասելի էր: «Երբ առանց դնչկալի շունը որևէ մեկին վնաս է պատճառում, պատժում են թե շանը, թե տիրոջը: Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե տերն ով է»՝ հայտարարեց Կոլոմոյսկին` խոստանալով դատի տալ Սահակաշվիլիին զրպարտության համար․ - «Նա ասում է, որ 200 հազար դոլար աշխատավարձ է ստանում: Թող հենց այդ գումարից էլ փոխհատուցի ինձ հասցված բարոյական վնասը»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի արձագանքը ավելի զուսպ էր, բայց կառավարության ղեկավարը ևս խիստ դժգոհ է Սահակաշվիլիի պահվածքից:
«Հույզերը, անհիմն հայտարարությունները ձեռնտու են միայն այն մարդկանց, ովքեր դեմ են բարեփոխումների իրագործմանը: Եվ սխալ է, երբ ասվում է, թե ինձ թույլ չտվեցին այս կամ այն քայլը իրագործել, ինձ խանգարեցին: Դա թուլության նշան է: Ուժեղ մարդիկ պարզապես աշխատում են», - հայտարարել է Յացենյուկը: