ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Վստահ եմ, որ կանայք ունեն, թեկուզ փափուկ, բայց ուժ, և մենք միասին կարող ենք աշխարհն ավելի խաղաղ ու բարի դարձնել»

«Վստահ եմ, որ կանայք ունեն, թեկուզ փափուկ, բայց ուժ, և մենք միասին կարող ենք աշխարհն ավելի խաղաղ ու բարի դարձնել»
28.09.2015 | 15:21

Սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կանանց առաջին Եվրասիական համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության և կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների և մասնակցության ընդլայնման և սոցիալական ինտեգրման խնդիրներին: Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտակրթական և ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կանանց շարժման ազդեցիկ բազմաթիվ գործիչներ:

ԱՊՀ պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հրավերով` Կանանց Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանից կանանց պատվիրակությունը` ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Համաժողովի օրակարգում էին լիագումար նիստեր, բանավեճեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, հումանիտար և բարեգործական նախագծերի շնորհանդեսներ:
Տավրիկյան պալատի Դումայի սրահում սեպտեմբերի 24-ին «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստը բացել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում կարևորել է կանանց սոցիալական, մշակութային և քաղաքական ակտիվությունը ժամանակակից կյանքում, բարձրացրել եվրասիական տարածքում գենդերային հավասարության օրենսդրական ապահովման, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, իշխանության մարմիններում ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության և սոցիալական անբարեկեցության դեմ համատեղ պայքարի կարևորությանն առնչվող խնդիրներ։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել և փոխանցել իր անհանգստությունը` հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինուժի շփման գծում լարվածության աճի պատճառով, և որպես մայր, կին, կոչ է արել` դադարեցնել մարտական գործողությունները. «Հավասարապես տառապում են և՜ հայ, և՜ ադրբեջանցի կանայք, մայրեր և երեխաներ»,- ասել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության և իրավիճակը չսրելու քաղաքականությամբ, մինչդեռ հարևան երկրում ամենևին էլ դրա ականատեսը չենք:
Կանանց Եվրասիական համաժողովի մասնակիցները իրենց ելույթներում հիմնականում կարևորել են Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության ինտեգրացիոն գործընթացների խորացումը` համաժողովի ակտուալությունը պայմանավորելով Եվրասիական տարածքում կանանց դերի մեծացմամբ, ներքին և միջազգային խնդիրներով:
ԲՀԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է կանանց ներդրմանը` աշխարհի ընդհանուր անվտանգության և կայունության ապահովման գործում, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը քաղաքականության և կառավարման մեջ` դիտարկելով որպես հասարակության կայուն զարգացման գործոն, իսկ ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն իր զեկույցում ուշադրությունը հրավիրել է կանանց տնտեսական գործունեության, ձեռնարկատիրության և փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա:
Ադրբեջանցի պատվիրակները նորից փորձեցին իրավիճակի մեջ լարվածություն մտցնել և պատասխան ստացան չորս բանավիճային հարթակներում:
Համաժողովի չորս թեմատիկ բաժանմամբ քննարկումների ընթացքում մեր պատվիրակները բարձրացրել են տնտեսական, առողջապահական, մշակութային առաջնահերթություն ներկայացնող խնդիրներ, տարածաշրջանային իրավիճակի, վտանգված խաղաղությանը, սահմանային միջադեպերին առնչվող հարցեր:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանդես գալով որպես Կանանց Եվրասիական համաժողովի` «Կանայք և իշխանությունը. աշխարհի կայուն զարգացման օրակարգ» թեմայով բանավիճային հարթակի համակարգող, ներկայացրել է իր դիտարկումները: Տավրիկյան պալատի լեցուն դահլիճը մատնանշելով՝ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ մասնակիցների ներկայացուցչական կազմը վկայում է, թե որքան պահանջարկված է համաժողովը և որքան անհրաժեշտ են նման հանդիպումները, ինչքան ասելիք կա միմյանց, որքան կարևոր է զգալ միմյանց ջերմությունն ու սրտակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպչին՝ Վալենտինա Մատվիենկոյին, նախաձեռնության և հենց Պետերբուրգը՝ հյուսիսային մայրաքաղաքը, ընտրելու համար: Նա պատահական չի համարել, որ համաժողովը անցկացվում է համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցի և ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի 70-ամյակի տարում: «Վստահ եմ, որ համաժողովը դրական, ինտեգրող դեր կունենա ոչ միայն եվրասիական տարածքում, այլև ամբողջ աշխարհում: Այս երկու օրում մենք համաժողովի բանավիճային հարթակներում գաղափարներ կփոխանակենք և առաջարկներ կանենք սոցիալական պաշտպանության, միջազգային համագործակցության, գենդերային անհավասարության և կոնֆլիկտների դադարեցման, քաղաքականության մեջ, տնտեսության կառավարման, հասարակության մշակութային կյանքում, սոցիալական հարցերի լուծման մեջ կանանց դերի ուժեղացման համար: Ժամանակակից հասարակության զարգացումը հնարավոր չէ առանց կանանց համակողմանի մասնակցության: Մեծացնելով կանանց ներգրավվածությունը պետական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում, մենք կայուն զարգացման կհասնենք, կապահովենք անվտանգությունն ու կայունությունն աշխարհում: Կանայք քաղաքականություն են բերում բարություն ու մայրական մոտեցում՝ իշխանության ուժը փոխարինելով համոզումի ուժով:
Այսօր կանանց սոցիալական, մշակութային ու քաղաքական ակտիվությունը ժամանակակից կյանքի անբաժանելի մասն է: Աշխարհի բոլոր երկրներում կանայք տարեցտարի քաղաքական փորձ ու հեղինակություն են կուտակում: 21-րդ դարի սկիզբը նշանավորվեց նկատելի ձեռքբերումներով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը կանանց նկատմամբ շահագործման բացառումը համարում է մարդու արժանապատվության և մարդու իրավունքների համար պայքարի անքակտելի մաս: ՈՒնեցած ձեռքբերումները պետք է հետևողականորեն զարգացնել և առավել նշանակալից դարձնել արդյունքները: Կանանց իրավունքների պաշտպանության իրականացումը բնորոշում է պետության ու հասարակության մեջ ժողովրդավարության մակարդակը:
Կնոջ դերը բոլոր ժողովուրդների պատմության մեջ անփոփոխ մեծ է: Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մեծ է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության, ազգային արժեքների պահպանության, ընտանիքի ամրապնդման գործում: Նույն նվիրվածությամբ մենք այսօր էլ շարունակում ենք այդ առաքելությունը: Ավելին՝ մեծանում է կանանց դերը պետական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, այլ ոլորտներ, որտեղ կանայք նվիրված ու համբերատար աշխատում են:
Հանդիպելով մեր ընկերուհիներին ու համախոհներին, մենք չենք կարող չասել, որ այսօր մեզ ծայրահեղ մտահոգում է շատ երկրներում լարման մեծացումը, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում: Երկու կողմերից երիտասարդ տղաներ են զոհվում, տառապում են հայ ու ադրբեջանցի կանայք, մայրերը, երեխաները: Ես, իբրև հինգ երեխաների մայր, իբրև կին ամբողջ աշխարհում արյունահեղությունը դադարեցնելու կոչով եմ դիմում: Մենք խաղաղություն ու երջանկություն ենք ուզում բոլոր ընտանիքներին:
Այսօրվա համաժողովը մեր համագործակցության զարգացման նոր փուլ է սկսում: Մենք կողմ ենք հումանիտար ոլորտում շփումների մեծացմանը, պետք է բարձրացնել մշակութային, կրթական ու գիտական համագործակցության օրենսդրական ապահովումը: Վստահ եմ, որ մեր համաժողովը շոշափելի ավանդ կունենա եվրասիական տարածքում կանանց դերի զարգացման հարցերում: Վստահ եմ, որ կանայք ունեն, թեկուզ փափուկ, բայց ուժ, և մենք միասին կարող ենք աշխարհն ավելի խաղաղ ու բարի դարձնել»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:

Կանանց Եվրասիական համաժողովի շրջանակներում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, ՈՒզբեկստանի, Ղրղզստանի պատվիրակությունների և նրանց ղեկավարների հետ:
Սեպտեմբերի 24-25-ը տևած Կանանց առաջին Եվրասիական համաժողովն իր երկօրյա աշխատանքներն ավարտեց եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ. համաժողովի մասնակիցները միահամուռ ընդգծում են խաղաղության և անվտանգության, կանանց դերի բարձրացման, կայուն զարգացման գլոբալ նպատակների իրագործման, ՄԱԿ-ի 2015-ից հետո զարգացման ոլորտում նոր օրակարգի իրականացման, պետական կառավարմանը և բոլոր մակարդակի ընտրություններում, հասարակական-քաղաքական կյանքում, տնտեսության զարգացման և արդիականացման մեջ կանանց համակողմանի և երաշխավորված մասնակցության անհրաժեշտությունը:
Համաժողովի մասնակիցները պարգևատրվեցին «Կյանքի ծառ» միջազգային մրցանակով և Կանանց Եվրասիական համաժողովի պարգևով:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ