ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով ԵԽԽՎ-ի բանաձևի վերաբերյալ: Նրանք նշում են, որ ի գիտություն են ընդունում ԵԽԽՎ-ի ուշադրությունը ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում, կիսում են բանաձևում հայտնված մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու շփման գծում լարվածության աճին, խորապես ցավում կյանքերի կորստի կապակցությամբ: Հայտարարությունը հիշեցնում է, որ Մինսկի խումբը բացառիկ միջնորդական փորձառություն ունի, ձևաչափն ընդունված է կողմերի կողմից, իսկ նոր, զուգահեռ մեխանիզմների առաջարկումը, հաշվի առնելով բանակցային գործընթացի նրբությունը, կարող է ընդհատել այդ գործընթացը և խոչընդոտներ առաջացնել կարգավորման ճանապարհին: Միաժամանակ պատրաստակամություն է հայտնվում` աշխատել միջազգային բոլոր կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են արդար ու կայուն կարգավորում գտնել ԼՂ-ի հակամարտության հարցում:
Համանախագահները համաձայն են, որ հակամարտությունը չափազանց երկար է ձգձգվում, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն` խաղաղ կարգավորումն արագացնելու համար՝ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է ուղղված լինեն բանակցային կարգավորմանը, հիմնված լինեն փոխհամաձայնության վրա և ունենան միջազգային հանրության աջակցությունը: Համանախագահները խոստանում են իրենց մանդատի շրջանակներում աջակցել կողմերին, այդ թվում` բանակցություններին նպաստման եղանակով: Ընդգծվում է, որ համանախագահները «կոնկրետ դիրքորոշումների հարցում ոչ դատավորներ են, ոչ էլ ջատագովներ»: