Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերվա ահաբեկչությունների երեք կասկածյալների անուններն են հայտնի դարձել՝ մեկ մահապարտի անունը բացահայտել է Շարտրի քաղաքապետ Ժան-Պյեր Ժորժը Facebook-ի էջում: Նրա տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի, 29-ամյա Մոստեֆա Իսմայիլ Օմարն է: Նրա հայրը և եղբայրն ավելի վաղ ձերբակալվել են: «Շարտրում նա ապրում էր առնվազն 2012-ից»,- գրել է Ժորժը: Փարիզի դատախազության տվյալներով՝ Օմարը ծնվել է Կուրկուրոնում՝ Փարիզից ոչ հեռու: 2004-2010-ին ութ անգամ ենթարկվել է պատասխանատվության, բայց ոչ մի անգամ բանտում չի հայտնվել: Ենթադրաբար եղել է Սիրիայում 2013-2014 թվականների ձմռանը: Ահաբեկիչը հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել:
Մահապարտներից է Աբդուլակբակ Բ.-ն։ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած այս ահաբեկչի մարմնի կողքին սիրիական անձնագիր է գտնվել: Le Figaro-ի տվյալներով՝ ծնվել է 1990-ին, չի եղել հատուկ ծառայությունների տեսադաշտում:
Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը՝ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ: Նա Հունաստանի տարածքում է հայտնվել հոկտեմբերի 3-ին, հետո փախստականների խմբում անցել է Սերբիա Մակեդոնիայի կողմից: