Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը: Հայկական կողմի ելույթը վերաբերում էր Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու այդ երկրում գործող լրատվամիջոցների տեղեկատվությանը, «որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից»: «Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրև թե ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության չունեցած ելույթները, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական զեկույցների ընդունումը և այլն», - նշում է ԱԳ-ն: «Նշվեց նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է», - ասված է հաղորդագրությունում: Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակը, ինչն անթույլատրելի է: ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը կոչ է արվել հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից կազմակերպության անվան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը: