Ռուսաստանը փորձում է խուսափել Թուրքիայի հետ առճակատումից, սակայն 2016-ին դա անխուսափելի է՝ կանխատեսում է Stratfor ամերիկյան վերլուծական ընկերությունը: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ռազմական ակցիա կձեռնարկի Սիրիայի հյուսիսում, կփորձի մեծացնել ներկայությունն Իրաքի հյուսիսում՝ վստահ են վերլուծաբանները: Անկարայի նպատակն է ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին հակազդելը, այլև Սիրիայի քրդերին զսպելը։ Թուրքիան կմեծացնի իր ազդեցությունը շրջանում: Stratfor-ը կարծում է, որ այդ բոլոր գործողությունները կմեծացնեն Թուրքիայի առճակատման հնարավորությունը Ռուսաստանի և Իրանի հետ: Ռուսաստանն ամենաքիչը կցանկանար վիճել Թուրքիայի հետ, նշում են վերլուծաբանները, Անկարան վերահսկում է դեպի Սև և Միջերկրական ծովեր մուտքը, սակայն այդ սցենարն անխուսափելի է: Ընկերությունը զգուշացնում է, որ Ռուսաստանի ներքաշվածությունը սիրիական հակամարտությունում մեծանում է, դա կարող է հանգեցնել նրա առաջնային խնդրի տարածմանը շրջանում և միաժամանակ չափազանց շատ խնդիրներ լուծելու անհրաժեշտությանը։