ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Գերմանիան մտադրություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոխարինել Ֆրանսիային։ Ոչ վաղ անցյալում ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված էին հայտարարություններով, թե ավելի արդյունավետ կլինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Ֆրանսիան փոխարինվի Գերմանիայով։ «Առաջին անգամ եմ լսում, որ Գերմանիան հետաքրքրված է մասնակցել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցություններին` դառնալով համանախագահ երկիր: Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահ երկիր: Ոչ մի կասկած: Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»՝ ասաց դեսպանը։ Նա ընդգծեց, որ Գերմանիան իսկապես անհանգստացած է հրադադարի խախտումներով, շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակով, ծանր սպառազինության գործածմամբ, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակի աճի: «Մենք կարծում ենք, որ ապաէսկալացիան պետք է ուղիղ նպատակը լինի: Այս պատճառով էլ լիովին աջակցում ենք համանախագահների նախաձեռնությանը՝ ստեղծել մեխանիզմ, որը կուսումնասիրի հրադադարի խախտման դեպքերը»,- ասել է դեսպանը: Ասուլիսին ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունումն արդեն իսկ հաղթանակ էր։ Շատ տհաճ և կոշտ բանաձևեր էին, երկուսն էլ` հակահայկական: «Սարսանգի ջրամբարի բանաձևը չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ մեծ հաջողություն էր, որ մյուս բանաձևը դուրս բերվեց»,- ասել է Սորոկինը: