Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի սահմանադրական հարթակի նախաձեռնած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարման նախագահական համակարգին անցնելը իր «անձնական ամբիցիաների հարց չէ»:
«Ես ուզում եմ վերջ դնել սխալ մտայնությանը՝ նախագահական համակարգը Թայիփ Էրդողանի անձնական խնդիրը չէ, այլ երկրի ապագայի հարցն է»,- ասել է նա: 2014-ի օգոստոսին նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային ուժեղ նախագահ է պետք: Նա կարծում է, որ ներկա համակարգն անընդունելի է, ընտրված նախագահն ու վարչապետը չեն կարող կայուն և ամուր իշխանություն ապահովել: «Մենք կարծում ենք, որ խորհրդարանական համակարգը հնացել է: Նոր Թուրքիայի կառուցման ճանապարհին երկիրը կարիք ունի նոր սահմանադրության, որը կյանքի կկոչի կառավարման նախագահական համակարգը»,- հայտարարել է նա:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր սահմանադրության հարցը բանավեճ է հարուցել իշխանության և ընդդիմության միջև: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ: Ընդդիմադիր կուսակցությունները կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն նախագահի լիազորությունների ընդլայնման հարցում միակարծիք չեն իշխանական թևի հետ: Հունվարի սկզբին վարչապետ Դավութօղլուն հանդիպել էր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ ու քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Համաձայնության էին եկել, որ 1982-ին զինվորական իշխանության ընդունած սահմանադրությունը ենթակա է փոփոխման, իսկ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ազատության, հավասարության, արդարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքների վրա: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակելու համար ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրվել են խորհրդարան անցած չորս կուսակցությունների պատգամավորներ, որոնց թվում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փալյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը կկայանա փետրվարի 4-ին: