Վեց երկրների ԱԳ նախարարները, որոնք մտնում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում, ապրիլի 7-ին Բահրեյնում հանդիպում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ասել է խորհրդի գլխավոր քարտուղարը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Պարսից ծոց գագաթաժողովին պատրաստվելու հարցերը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Պարսից ծոցի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում` ռազմավարական գործընկերության շրջանակներում:
Էրդողանը վշտացած է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ չի քննարկել Թուրքիայում խոսքի ազատության և ԶԼՄ-ներում իրադրության թեման: ԱՄՆ այցի ավարտին՝ նա ասել է. «Ես վշտացած եմ, որ իմ հետևից արվել են այդպիսի հայտարարություններ: Պարոն Օբամայի հետ բանակցություններում այդպիսի հարցեր չեն բարձրացվել: Եվ ավելի վաղ, հեռախոսով մենք քննարկել ենք, որ ավելի օգտակար կլինի խոսել դեմ առ դեմ, քան մամուլի միջոցով»: Էրդողանը նշել է, որ «հարկավոր է տարբերել քննադատությունը և վիրավորանքները», որոնք լրատվամիջոցներում հայտնվել են երկրի վերաբերյալ: «Որոշ պարբերականների վերնագրերում հնչում են ուղղակի սպառնալիքներ: ԱՄՆ-ում նախագահին սպառնալու համար նախատեսված է 5 տարի բանտարկություն և մեծ տուգանքներ: Վիրավորանքները և սպառնալիքները չեն կարող գնահատվել որպես մամուլի ազատություն կամ քննադատություն»,- նշել է Էրդողանը: