Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին կոչ է անում «առավելագույն ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ», փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը: Վրաստանի նախագահը Թբիլիսիում ելույթ է ունեցել «ՆԱՏՕ-ի շաբաթը Վրաստանում» միջոցառման շրջանակում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովին: «Մենք մեծ հույսեր ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները առավելագույն ջանքերը կգործադրեն՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը և խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Մարգվելաշվիլին: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է. «Վրաստանը ցանկանում է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, քանի որ մեզ համար կարևոր է Կովկասի խաղաղությունը: Մենք անհանգստացած ենք, որ զինված հակամարտությունը վրացիների համար բարեկամական երկու ժողովուրդների միջև է տեղի ունենում: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում»: