Մայիսի 4-ին Պրահայում ավարտվեց «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը, որին հրավիրված էին Նիդերլանդների, Շվեդիայի և ԳԴՀ-ի արտգործնախարարները, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության հետագա զարգացման հարցը, ԵՀ-ի առաջարկը փախստականների ընդունման համակարգում փոփոխությունների վերաբերյալ, Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման, ՈՒկրաինայում բարեփոխումների և այլ կարևոր հարցեր: Չեխիայի արտգործնախարար Լյուբիմոր Զորալեկը հիշեցրել է, որ «Արևելյան գործընկերություն» նախագիծը ծագել է 2009-ին, նա նշել է, որ ԵՄ-ի՝ ԱՊՀ վեց երկրների՝ Բելառուսի, ՈՒկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ մերձենալու այդ նախաձեռնությունը զարգացման մի քանի փուլ է անցել, և փորձն արդարացնում է իրեն: «Ներկա երկխոսությունը, ինչպես ինձ թվում է, ցույց տվեց, որ «Արևելյան գործընկերության» կայացման սկզբում խնդիրների լուծման մեր մոտեցումները չափազանց մեխանիկական են եղել: Այսօր մենք գիտակցում ենք, որ պետք է ավելի շատ արձագանքել նախաձեռնության մասնակից երկրների պատկերացումներին և կարիքներին, որ նրանք զգան՝ դա իրենց նախագիծն է, որը պատասխանում է նրանց նպատակներին և պահանջներին: Մենք, իհարկե, համակարծիք էինք, որ անհրաժեշտ է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհներ գտնել՝ միջազգային իրավունքի համաձայն: Տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնումը մեր առաջնահերթությունն է»,- ասել է Լյուբիմոր Զորալեկը: «Ինձ շատ է ուրախացնում Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ առաջընթացը, մենք պայմանավորվել ենք նոր փուլի վերաբերյալ: Սակայն դա չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնելու մյուս երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի վրա: Ես հավատացած եմ, որ մեզ կհաջողվի այդ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման առաջարկը հարմարեցնել նրանց պահանջներին»,- ասել է Զորալեկը:
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն նշել է «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության ոլորտների ընդլայնման նպատակահարմարությունը: «Մի կողմից մեր առջև կանգնած է անվտանգության քաղաքականության հարցը, մյուս կողմից էլ՝ տնտեսական քաղաքականության խնդիրը: Չի կարելի տեսադաշտից բացառել հասարակական քաղաքականության, հասարակությունների փոխազդեցության հարցը: Պետք է հեշտացնել քաղաքացիների տեղաշարժը մի երկրից մյուսը և հայրենիք վերադառնալը: Դա «Արևելյան գործընկերության» երկրների համար շատ կարևոր հարց է: Մենք պետք է հասնենք նրան, որ մարդիկ հեռանկարում մնան այնտեղ, որտեղ ապրում են, այսինքն՝ հայրենիքում, որ նրանք հաճույքով աշխատեն իրենց երկրում»,- ասել է Անդրեաս Պեշկեն: