ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արձագանքելով Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը, հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը բանակցային փակուղուց դուրս գալու համար:
«Ռազմական գործողությունների սրացումը ապրիլին մեզ կրկին հիշեցրեց, որ կրկնապատիկ, շարունակական ջանքեր են անհրաժեշտ փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ամրապնդումը առաջնային կարևորության հարց է, որը բարենպաստ պայմաններ կստեղծի համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար»,- ասել է Շտայնմայերը:
«Ես ողջունում եմ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների նախաձեռնությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ մայիսի 16-ին հանդիպում անցկացրին: Ես ոգևորված եմ այն վերահաստատված հանձնառությամբ, որ երկու նախագահներն են արտահայտել հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, նրանց՝ հունիսին նոր բանակցություններ անցկացնելու պատրաստակամությամբ: Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, շարունակում է ամբողջովին աջակցել համանախագահների ջանքերին: Մենք ակտիվորեն պաշտպանում ենք հետաքննության մեխանիզմ հիմնելու ջանքերը: Մենք նաև կաշխատենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի թիմն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: