Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Haberler.com կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն ասել է, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա:
Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեք-Շվեյցարիա դատավարության վերաբերյալ: Լրագրողի հարցին, թե կարելի է Գերմանիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանել պատասխան քայլ փախստականների հարցում Թուրքիայի քաղաքականությանը, Էրդողանը պատասխանել է. «Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը և առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է. «Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթև անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»:
Էրդողանն ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին. «Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետև քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, եղան նաև քվեարկությանը չմասնակցողներ: Միթե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերևից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»: Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն Թուրքիա- Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում դիտարկելը ճիշտ չէ: