ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ամրապնդմանն ուղղված միջոցները, գրում է The Wall Street Journal-ը։ Օբաման նախատեսում է լիցենզիաներ տրամադրել ամերիկյան ընկերություններին Իրանում բիզնես անելու համար, չեղարկել մի շարք պատժամիջոցներ։ Օբամայի վարչակազմը մտադիր էր այդ միջոցները ձեռնարկել մինչև նախագահական ընտրությունները, որում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։
Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարեսը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կպահանջի փոփոխություններ մտցնել համաձայնագրում։ Օբամայի վարչակազմում նշում են, որ իրենք հազիվ թե կարողանան ինչ-որ բան ձեռնարկել, եթե Թրամփը որոշի չեղարկել Իրանի հետ համաձայնագիրը, սակայն Օբամայի շրջապատը մտադիր է Թրամփին համոզել, որ նման գործողությունները նպատակահարմար չեն և բացասական հետևանքների կհանգեցնեն։ Միևնույն ժամանակ աղբյուրներից մեկը նշել է, որ համաձայնագիրը դժվար կլինի չեղարկել, քանի որ այլ երկրներ, այդ թվում` Չինաստանը և Ռուսաստանը, կաջակցեն դրան։