Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ԳԱԱ նիստերի դահլիճում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր ստեղծած «Ազգային միասնություն» շարժումը լուրջ աշխատանքներ է կատարել, վերջերս տեղի ունեցած տնտեսական ֆորումը շատ արդյունավետ է եղել, 2017-ի հոկտեմբերին նույնպես տնտեսական ֆորում են նախատեսել:
«Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալական ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի խնդիրներից մեկը»,- ընդգծեց Արա Աբրահամյանն ու մանրամասն խոսեց Ռուսաստանի հայերի միության գործունեության մասին:
Անդրադառնալով Երևանի Հյուսիսային պողոտայում իր նախաձեռնած կառուցապատմանը, Արա Աբրահամյանը նշեց. «165 հազար քմ շինություն է կառուցվել, բայց իրավաբանական և տնտեսական խնդիրներ է առաջացել: Եթե ես իմ ծրագրերը չիրականացնեմ 2017-ին, Հյուսիսային պողոտան ես կհանձնեմ: 95 տոկոսով պատրաստ է, ես կարող եմ այսօր էլ վաճառել»: Նրա խոսքով՝ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե ինքը ֆինանսական խնդիրներ ունի, որից հետ բոլոր պարտքատերերն արագ սկսեցին իրենց գումարներն ուզել: «Այսօր իմ ընկերությունը ոչ մեկին ոչ մի դոլար պարտք չի»,- ընդգծեց Ռուսաստանի հայերի միության նախագահը: