ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ազատ է տնօրինել սեփական կյանքը՝ անդրադառնալով Ջեյմս ՈՒոռլիքի` Մինսկի խումբը լքելու և ռուսական իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելու հայտարարությանը, ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դուրս գալով այս պաշտոնից` նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Միևնույն ժամանակ, օրինակ, Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ՝ որոշակի կողմնակալություն կար, ինչն արտահայտվեց իր հետագա աշխատանքում: Ջեյմս ՈՒոռլիքի դեպքում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել նրա հետագա գործունեությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Խոսելով ԱՄՆ համանախագահի առաջիկա փոփոխության ու ֆրանսիացի նոր համանախագահի մասին` Շավարշ Քոչարյանը հորդորեց չգերագնահատել անձերի դերակատարումը: «Չգերագնահատենք այն անձանց, որոնց նշանակում են եռանախագահ երկրները` որպես ներկայացուցիչ: Բնական է, որ պետության քաղաքականությունը, պետության քաղաքականությունն է: Անհատներն ունեն իրենց որոշակի թեթևակի ազդեցությունը, բայց շատ թեթևակի է և այդ տեսակետից պետության քաղաքականությունը մնում է պետության քաղաքականություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը: