Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի ավիահարվածի ընթացքում ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ հայտնում է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը: «ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 18-ին Սիրիայում ուղղորդված ավիահարված են հասցրել Սարմադայի մերձակայքում, որի շնորհիվ սպանվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Աբու Աֆղան ալ Մասրին»,- երեքշաբթի ասել է նա լրագրողներին:
Քուկը պարզաբանել Է, որ ալ Մասրին ծագմամբ եգիպտացի է, «Ալ Քաիդային» է միացել Աֆղանստանում, «մասնաճյուղի» շարքերն է անցել Սիրիայում:
«Նա կապված է Հարավարևմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ այն խմբավորումների հետ, որոնք պատասխանատու են Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակման համար, և նրանց հետ, ովքեր գրոհներ էին պլանավորում Արևմուտքում»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: