Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ. Ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի

ԵՄ. Ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի
02.12.2016 | 12:27

ԵՄ պատվիրակությունը ԵՄ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածում է ԵՄ հաղորդագրությունը. «Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների առումով»:


«Ի հետևումն իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարևոր առաջին քայլերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար: Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ ԿԸՀ-ի, իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը կատարելու համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը:
ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին:

Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Սրանում ներառված է նաև աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:
Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: ՈՒստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ներառյալ վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների անխափան աշխատանքի երաշխավորում:


Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ